Հայաստանում առաջին անգամ կիրականացվի էլեկտրամոբիլների լիզինգ

Հայաստանում առաջին անգամ կիրականացվի էլեկտրամոբիլների լիզինգ

ԱԳԲԱ Լիզինգը և Ճապոնիայից «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ ներմուծող «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ն մեկնարկում են լիզինգային արշավ: Ընկերությունների համագործակցության արդյունքում այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի երկրորդական շուկայից լիզինգի միջոցով ձեռք բերել «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ։

Արշավի շրջանակում «Green leasing»-ի միջոցով «Nissan Leaf» էլեկտրամոբիլները երկրորդական շուկայից հնարավոր է ձեռք բերել՝

 3 տարի մարման ժամկետով
 կատարելով 30% կանխավճար
 տարեկան տոկոսադրույքը՝ 13-14% ՀՀ դրամի դեպքում
 տրամադրվում է էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում

«Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էլեկտրամոբիլների լիզինգ. կարծում եմ՝ օրինաչափ է, որ հենց հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է նախաձեռնում այս գործընթացը։ Էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիրն իրականացնելու ենք ԱԳԲԱ Լիզինգի «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո։ Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել շրջակա միջավայրի պահպանության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման խնդիրների լուծմանը և այս ծրագրով մեր գործընկերների հետ ձեռնամուխ կլինենք Հայաստանում նորարական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ադապտացմանը: Ֆինանսական խմբում կուտակված լավագույն փորձի և «Գրին Լիզինգի» ճկուն ֆինանսավորման համադրության արդյունքում սպառողին տրամադրել ենք ամենաարդյունավետ լուծումները»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

«Էլեկտրամոբիլները զգալի առավելություններ ունեն. ընդամենը 20 կվտ հոսանքով հնարավորություն են ընձեռում երթևեկել 120-150 կմ: Այսինքն,՝ ցերեկային ժամերին ամբողջական լիցքավորման արժեքը կազմում է 800 դրամ, իսկ գիշերային ժամերին` 640 դրամ։ Բացի այս, ի տարբերություն ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների, կան մի շարք դետալներ, որոնք էլեկտրամոբիլների մոտ բացակայում են.մասնավորապես շարժիչի յուղ, օդի և յուղի ֆիլտրեր, DMRV, այրման մոմիկներ և բազում այլ դետալներ, որոնք ծախսատար են: Միաժամանակ Երևան քաղաքում էլեկտրամոբիլներն ազատված են կայանատեղերի համար նախատեսված վճարներից: Տեխնիկական սպասարկումը մատչելի է, և մենք ծրագրի շրջանակում կտրամադրենք էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում»,- նշեց «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանը:

ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ ֆինանսական խմբի անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում