«Արարատյան բակալավրիատ»-ի մուտքը դպրոց կասեցնելը կոպտորեն կոտնահարի հազարավոր երեխաների կրթության իրավունքը. Տեր Մեսրոպ քահանա Արամյան

«Արարատյան բակալավրիատ»-ի մուտքը դպրոց կասեցնելը կոպտորեն կոտնահարի հազարավոր երեխաների կրթության իրավունքը. Տեր Մեսրոպ քահանա Արամյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am։ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հակված չէ մտածելու, որ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շուրջ բարձրացված աղմուկը հաճելի է կառավարության բոլոր անդամներին:

ֆեյսբուքյան գրառման միջոցով Տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր խոսքն է ուղղել ՀՀ վարչապետին՝ հարց բարձրացնելով՝ արդյոք տեղյա՞կ է նա տեղի ունեցածին և կիսո՞ւմ է ԿԳ նախարարի կեցվածքը: «Եթե ոչ, ժամն է որոշում կայացնելու: Եթե կասեցվում է ԱԲ-ի մուտքը դպրոցներ և այս սեպտեմբերից նախատեսված 14 մարզային դպրոցները չեն սկսում ԱԲ-ի ծրագիրը, ապա կոպտորեն ոտնահարվում է հազարավոր երեխաների կրթության իրավունքը և արժեզրկվում են պետության կողմից կրթությունը բարելավելու բոլոր խոստումները»,-գրել է նա:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը թվել է «Արարատյան բակալավրիատ»-ի առավելությունները՝ նշելով, որ այն համակարգային լուծում է մի կրթական համակարգի համար, որը չունի համակարգային լուծում:

«Խնդիրներն անձնավորելը բովանդակային խոսակցությունից խուսափողների վերջին հույսն ու հանգրվանն է: Բավական է ասել` «Ահա՛ չարիքը և մեր բոլոր դժբախտությունների պատճառը. նա՛ է մեղավորը, որ մենք ոչինչ չստեղծեցինք», և գայթակղեցնելու ենք բովանդակությունից անտեղյակ և դատապարտելու պատրաստ մի ստվար զանգված: Նախ` պետության հետ աշխատելը չարիք համարելն արժեզրկում է պետության գաղափարը և անհույս դարձնում պետության խոստումներին վստահելը: «Նախորդներն անխտիր չարիք են» կեղծ թեզը հարց է առաջացնում. իսկ ո՞րն է ձեր ստեղծած բարիքը: Եթե դու ոչինչ չես ստեղծել, դու ըստ էության չունես ստեղծածը գնահատելու կարողություն և չափանիշ: Հայաստանում չկա միջազգայնորեն ճանաչված հայալեզու այլ ծրագիր` բացի ԱԲ-ից: Այսպիսի ծրագրի ստեղծումը տևելու է տարիներ և պահանջելու է հսկայական միջոցներ: Երկրորդ` պետական պաշտոնյան պետք է անաչառ լինի: Անձնավորված անհիմն խոսակցությունը և պետական դիրքի չարաշահումը ականապատ դաշտ են նրա համար:

Մի անգամ Ավետիք Իսահակյանին ասում են. «Վարպե՛տ, այսինչ մեկն անընդհատ չարախոսում է ձեր մասին»: Իսահակյանը պատասխանում է. «Զարմանալի է, ես նրան երբեք լավություն չեմ արել»: Վարպետի հետ ես էլ եմ զարմանում և առավել քան զարմանում, որովհետև ներկայիս ԿԳ նախարարին ոչ միայն լավություն չեմ արել, այլև բարեբախտաբար ծանոթ չեմ անգամ: Քանի որ անձնական թշնամանքի ենթատեքստ փնտրողներին էլ վերջնականապես հիասթափեցրի, մնում է մի բան` մեր բազմիցս առաջարկած երկխոսության հնարավորությունն օգտագործել: Մենախոսությունները եւ միակողմանի հարձակումները փակուղի են»,-գրել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

ՀՀ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Հայաստանի կրթական համակարգին ամենամեծ վնասը հասցրած անձանցից է, քանի որ փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում «էլիտարիզացնել կրթությունը»:

Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնարարել է «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտ իրականացնել: Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասում է, որ իրականացվում է ոչ թե աուդիտ, այլ ուսումնասիրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում