Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները Արմավիրի և Արարատի մարզերում

Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները Արմավիրի և Արարատի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հունիսի 14-ի ժամը 16:00-ի դրությամբ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակում են իրականացնել Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Այգեշատ գյուղերում, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ Նոր Խարբերդ գյուղում: 

Ժամը 10:00-ի դրությամբ` որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար (ՓԾ տարբեր կառուցվածքային և տարածքային՝ Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզային փրկարարական վարչություններ), 10 կամավոր և ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:

Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները շարունակվում են ուժեղացված ռեժիմով:

Որոնողական աշխատանքներում ընդգրկված են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկայով), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում էր գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում