ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն անթույլատրելի են համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը

ՍԾՏՀ ԽՎ-ում  հայկական պատվիրակության անդամներն անթույլատրելի են համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ ներկայացրեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր իրադարձություններ: «Առաջին` Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց նախագահությունն այս կարևոր կազմակերպությունում: Երկրորդ` պատվիրակության բոլոր անդամերը հանդես եկան ելույթներով, և տեղի ունեցան մի շարք հանդիպումներ: Ամենակարևորը` մեր պատվիրակության բոլոր անդամներն իրենց ելույթներում նշել են, որ մենք դեմ ենք, որպեսզի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը դառնա ավելի քաղաքականացված և որևէ պետության շանտաժի կամ նախապայմաններ առաջադրելու առարկա կազմակերպություն: Մենք կողմնակից ենք, որպեսզի պահպանվեն կազմակերպության կանոնադրական հիմքերը: Այս կազմակերպությունը խորհրդարանական վեհաժողով է, որն ունի հստակ տնտեսական ուղղվածություն, և մենք տնտեսական համագործակցության կողմնակից ենք բոլոր անդամ երկրների հետ»,-մանրամասնեց Շարմազանովը:

Վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները բարձրաձայնել են Թուրիայի կողմից Հայաստանի շրջափակումը` նշելով, որ դա անթույլատրելի է: «Եղել են առանձին հանդիպումներ Ռուսաստանի, Մոլդովայի և Հունաստանի պատվիրակությունների հետ: Ռուսաստանյան պատվիրակության հետ հանդիպմանը մենք կարևորել ենք հայ-ռուսական համագործակցության խորացումը խորհրդարանական բոլոր հարթակներում: Հույն եղբայրների հետ ունեցել ենք կառուցողական քննարկում»,-ասաց Շարմազանովը:

Նա նաև հայտնեց, որ նոյեմբերին արդեն Երևանում տեղի կունենա վեհաժողովի հերթական նիստը, որին կարող են մասնակցել բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները, այդ թվում` Ադրբեջանի և Թուրքիայի»,- եզրափակեց Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում