Հայաստանի ԱԳՆ-ում «միլիոններ բերող» Գրիգորյանին «մեծ կոմբինատոր» են անվանում և խորհուրդ տալիս լուրջ չընդունել նրա հայտարարությունները

Հայաստանի ԱԳՆ-ում «միլիոններ բերող» Գրիգորյանին «մեծ կոմբինատոր» են անվանում և խորհուրդ տալիս լուրջ չընդունել նրա հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «EU-ASIA Business Finance Centre» շքեղ անվանումով հոլդինգի նախագահ, Սլովակիայում բնակվող գործարար Աշոտ Գրիգորյանը, ով հայտնի է տարին մեկ-երկու անգամ Հայաստան ժամանելով ու «միլիոնների ներդրումներ» խոստանալով, արդեն սկսել է ակնհայտ նեղացկոտություն ցուցաբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ով, ըստ նրա, դեռևս չի «ընդունել իր ղեկավարած հզոր ներդրողների խմբին»:

Վարչապետին ամենայն հավանականությամբ զեկուցել են, որ «EU-ASIA Business Finance Centre» անունով ընկերություն պարզապես գոյություն չունի, իսկ Գրիգորյանն էլ այդ անունն օգտագործում է պարբերական գաստրոլներ տալու և այն իբրև շանտաժ օգտագործելու համար: Պարզ է, որ դրանից հետո հանդիպման մերժումները Գրիգորյանին դրել են անհարմար վիճակի մեջ, և վերջինս արդեն սկսել է անուղղակի կսմիթներ ուղղել նաև կառավարության ղեկավարի ուղղությամբ:

Ընդհանրապես, Գրիգորյանը հայտնի է իր ցեխարձակումներով տարբեր գործիչների նկատմամբ, ովքեր չեն ցանկացել դառնալ նրա ավանտյուրաների զոհը: Վերջին թիրախը դարձավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ում Գրիգորյանը մեղադրեց «ՀՀԿ-ական գործիչների համար գույք ձեռք բերելու մեջ»: Դրանից առաջ նույն Գրիգորյանի «զոհն էր» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա տնտեսական թիմը, ովքեր շատ արագ պարզել էին, որ «Նաիրիտի» հարցով Գրիգորյանի խոստացած ներդրումները դասական փուչիկ էր:

Սլովակահայ «Օստապ Բենդերի» վոյաժներն այն աստիճան զզվեցրին Հայաստանի իշխանություններին, որ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը երկուշաբթի իր բրիֆինգի ժամանակ խորհուրդ տվեց լրագրողներին ընդհանրապես չլուսաբանել այդ անձնավորությանը, նրան անվանելով «մեծ կոմբինատոր»:

«Ես, կարծեմ, առիթ ունեցել եմ նաև այս ճեպազրույցների ժամանակ անդրադառնալու դրան առնչվող մի հարցի և մեծ կոմբինատորի համբավ ունեցող անձնավորության կողմից գրված կամ մատուցվող տեղեկատվությանը, նորից կրկնում եմ, լուրջ մի վերաբերվեք: Կարծեմ մայիսին էր, Աշոտ Խուրշուդյանը մի լավ ուսումնասիրություն էր հրապարակել իր ֆեյսբուքում կամ պարբերականներից մեկում այդ անձնավորության վերաբերյալ: Այդ նույն «հոդվածի» մեջ մարդը, եթե իր վրա է վերցնում, ասում է. «Իմ ջանքերով Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման» արդեն հաշվի վերցրեք:

Ով Սաֆարովի դատավարությանն առնչվել է, փայլուն կարող է ներկայացնել այդ անձնավորության գործունեությունը կամ ցանկալին իրականության տեղ մատուցելուն ուղղված գործունեությունը և գործողությունները Սաֆարովի դատավարության ժամանակ, այդ մարդիկ հայտնի են, ես չեմ մանրանա ուղղակի մտնեմ մանրամասների մեջ։ Այդ մարդկանց, խնդրում եմ, հարցրեք, թե ո՞վ էր, այսպես ասած չակերտավոր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ, Ձեզ բավականին մանրամասն կներկայացնեն նրա գործունեությունը։ Գիտեք, այդ անձնավորությունը գալիս է, միլիարդավոր ինչ-որ ներդրումների հնարավորությունների մասին է խոսում և այլն, այդ անձնավորությունը գալիս է, ինչ-որ гостролер-ի տպավորություն է թողնում։ Ես նորից եմ խորհուրդ տալիս հատկապես նման անձնավորությունների տված տեղեկատվությանը լուրջ մի վերաբերվեք», – նշել էր Տիգրան Բալայանը:

Սա, բնականաբար, առաջին դեպքը չէ, որ Գրիգորյանի մասով նման հայտարարություններ են հնչում: Չնայած դրան, Հայաստանում կան լրատվամիջոցներ, ովքեր ջանասիրաբար լուսաբանում են «մեծ կոմբինատորին»: Նմանատիպ անձնավորությունների լցրած տեղեկատվական աղբը լուսաբանելն էլ, ինչ խոսք, լրագրողական էթիկայի ուղիղ խախտում է:

Գառնիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում