Տեղեկատվական դաշտում Ադրբեջանը գերակտիվացել է. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական դաշտում Ադրբեջանը գերակտիվացել է. Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Տեղեկատվական դաշտում վերջին շրջանում Ադրբեջանը գերակտիվացել է: Լրագրողների հետ հանդիպմանը նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում, մասնավորապես, «Թվիթեր»-ում ադրբեջանցիները շատ ակտիվ գործունեություն են իրականացնում, ակնհայտ երևում է, որ դա հրահանգված է:

«Կեղծ և իրական էջերով փորձում են Հայաստանին վերաբերող հեշթեգերը կորզել, Հայաստանի վերաբերյալ կեղծ նյութեր տարածել: Խաղաղ ժամանակ դա այնքան էլ խնդիր չէ, այնպես չէ, որ այդ շրջանում շատ հետաքրքրվողներ կան Հայաստանի կամ Ադրբեջանի հեշթեգերի մասով, բայց սահմանային իրավիճակի սրացման ժամանակ սոցիալական ցանցերում ակտիվացումը խիստ կարևորվում է: Լրագրողների, փորձագետների մեծ մասի համար այդ օրերին «Թվիթեր»-ը դառնում է հիմնական աղբյուրներից մեկը, հետևաբար այստեղ լուրջ անելիք ունենք»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ադրբեջանցիներն ակտիվացել են հաքերային ոլորտում: Սամվել Մարտիրոսյանը մտահոգիչ համարեց այն, որ հաքերները կարողացել են ներթափանցել Հայաստանի պետական համակարգ:

«Երկար ժամանակ նման բան չէինք լսել: Արվածը մի կողմից առանձնապես լուրջ բան չէ, չնայած դա էլ չպետք է լիներ: Ամեն դեպքում սա մտածելու տեղիք է տալիս: Ադրբեջանը սկսել է ձևավորել հաքերային միավորումներ: Նախկինում ադրբեջանցիները հայկական ուղղությամբ հաքերային հարձակումներ անում էին, այսպես կոչված, վարձկանների միջոցով: Վերջին շրջանում տեսնում ենք, որ արդեն իրենք ունեն իրենց հաքերային միավորումները, այսինքն՝ համակարգ է գործում: Դա տեսանելի եղավ Արդբեջանում կայացած ընտրությունների ժամանակ, երբ այդ համակարգն օգտագործվում էր ընդդիմադիրների դեմ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետը նշեց, որ Հայաստանում չկա կիբեռանվտանգության համար պատասխանատու մարմին: Այդ մասով քննարկումներ եղան, նախագիծ կա, բայց արդեն մի քանի ամիս է ոչ մի տեղաշարժ չկա:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ տեղեկատվական անվտանգության խնդիրը լուրջ դրվեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ընթացքում ականատես էինք լինում, երբ կեղծ օգտատերերը հայկական անունների ներքո զինվորականների մասին ինֆորմացիա կորզելու փորձեր էին անում: Հայկական համարներից զանգեր էին գալիս, և փորձ էր արվում ապատեղեկատվություն տարածելով խուճապ ստեղծել: Ադրբեջանցիներն առիթը բաց չէին թողնում նաև վերջին հայաստանյան ներքաղաքական զարգացումների ժամանակ:

«Այստեղ մենք տարբեր ուղղություններով լուրջ անելիքներ ունենք: Պետք է ուշադրություն դարձնել մեդիագրագիտությանը, որ չարտատպվեն չստուգված լուրերն ու տարածվեն: Մեր հասարակությունն առանց տեղեկությունը վերստուգելու տարածում է ցանկացած բան, ինչ ստանում է «Ֆեսյբուք»-ում, ինչը շատ վտանգավոր է: Ադրբեջանցիները հիմար չեն, նրանք սովորում են իրենց սխալների վրա, արագ փոխում են քարոզչական աշխատելաոճը: Մենք պետք է հասկանանք, որ այստեղ պետական մակարդակով, մամուլի հետ աշխատանքի առումով լուրջ անելիք ունենք»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում