Նախարարը մտադիր է բարձրացնել Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողությունը

Նախարարը մտադիր է բարձրացնել Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողությունը

ԱՇՆԱԿ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ծանոթացավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքներին: Արմենպրեսի փոխանցմամբ՝ նախարարը մի խումբ պաշտոնյաների, լրագրողների, շահագրգիռ ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ այս այցի նպատակը ներդրումային այս ծրագրի իրականացման դաշտում նոր էջ բացելն է:

«Մենք մտադիր ենք ծրագիրը դարձնել ավելի թափանցիկ ու ուժեղացնել հանրության վերահսկողությունը ծրագրի նկատմամբ: Մենք պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել այս ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասաց նախարար Հակոբյանը:

Անդրադառնալով ծրագրի շուրջ առկա մտահոգություններին, որ տարիներ շարունակ ահռելի չարաշահումներ են եղել՝ նախարարը նշեց, որ չի ուզում ասել՝ հափշտակություններ եղել են, թե ոչ, քանի որ դա իր լիազորություններից դուրս է, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:

«Ես միայն կարող եմ ասել, որ կանեմ ամեն ինչ, որ նման իրավախախտումների կատարումը բացառվի»,-վստահեցրեց պաշտոնյան:

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է հանրային հարթակ ստեղծել, որում կներգրավվեն ՀԿ ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն կունենան մասնակցել նախարարության կողմից ծրագրի շրջանակներում իրականացվող գործառույթներին, մրցույթների անցկացմանը, ստուգումներին և այլն:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է երկու խոշոր հատվածներ՝ Մ2 Երևան-Երասխ-Եղեգնաձոր-Մեղրի և Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհները և ճանապարհային ենթակառուցվածքները: Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորմամբ և բաժանված է առանձին տրանշների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում