«Քեթրին Գրուպ»-ում ու ևս երեք ընկերություններում ստուգումների արդյունքում պետբյուջե է վճարվել շուրջ 600 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

«Քեթրին Գրուպ»-ում ու ևս երեք ընկերություններում ստուգումների արդյունքում պետբյուջե է վճարվել շուրջ 600 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Վերագրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ-ի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով: Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում