ՀՀ ԶՈւ-ն այնպիսի գործողություններ է ձեռնարկել, որ չեզոքացվել է միջդիրքային տարածության կրճատումը. Դ. Տոնոյանը՝ Նախիջևանի ուղղության մասին

ՀՀ ԶՈւ-ն այնպիսի գործողություններ է ձեռնարկել, որ չեզոքացվել է միջդիրքային տարածության կրճատումը. Դ. Տոնոյանը՝ Նախիջևանի ուղղության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Թեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան: Այսօր ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,-նշեց Դավիթ Տոնոյանը:

Նախարարը, արձագանքելով դիտարկմանը, որ իր վերջին հարցազրույցն Ադրբեջանին ուղիղ հարձակում դիտարկվեց, ասաց, թե իր նախկին խոսքին ավելացնելու որևէ բան չունի. «Ես բացի հայտարարություն անելուց, հիմք ունեմ մեր զինված ուժերի ոգու և պատրաստվածության վրա: Այն, ինչ վարչապետը և պաշտպանության նախարարը հայտարարում են, մենք անելու ենք»:

Տոնոյանը վստահեցրեց՝ ՀՀ ԶՈւ սպայական կազմն իրեն հնարավորություն է տալիս ունենալու նման հաստատակամ տեսակետ: Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությանը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Այնտեղ ադրբեջանական կողմը շարունակում է ինժեներական աշխատանքներ իրականացնել, ամրացնում են իրենց դիրքերը:

Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որ չեզոքացնենք այդ գործողությունները»:

Պաշտպանության նախարարը հերքեց վերջին օրերին տարածվող լուրերը, թե Նախիջևանի ուղղությամբ լարվածությունն աճել է. «Չկա այդպիսի բան, զինված ուժերն այնպիսի գործողություններ է ձեռնարկել, որ չեզոքացրել են այդ միջդիրքային տարածության կրճատումը»:

Դավիթ Տոնոյանը նաև խոսեց բանակում առկա կոռուպցիայի մասին՝ նշելով, որ ռիսկեր, որոնք կապված են ձեռքբերումների հետ: «Կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Նոր կառավարությունը, վարչապետը նոր նշաձող է սահմանել, այդ աշխատանքներն իրականացվում են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք լինում են պատժվողներ բացահայտումներից հետ, նախարարը նշեց, թե ամենօրյա ռեժիմի մեջ կան պատժվողներ։ «Ուղղակի ՊՆ-ն այդ ամենը մեծ լուսաբանման չի ներկայացնում, որովհետև դրա կարիքը չկա»,-շեշտեց նախարարը:

Հարցին, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում միլիարդավոր դրամներ են վերադարձվել պետությանը, հնարավո՞ր է՝ 2019 թ.-ի բյուջեով նախատեսվի սպաների աշխատավարձի բարձրացում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «2019-ին չի նախատեսվում, սակայն ռազմական բյուջեն զգալի կավելանա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում