AM | RU
USD
EUR
RUB

Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ստեղծեն ավելացված արժեք. Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ:

«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը, թերևս, եղել է և տեղ-տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ-ում այլևս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երևույթներ են: Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ և կառավարության համար կարևոր է, որ այդ պայքարը չընկալվի և չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի: «Մեզ համար կարևոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երևույթները բացառում ենք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենն ունի մեկ պայման. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական: Վարչապետի խոսքով՝ պետությունը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ և պետական եկամուտների աճով: «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ, որ տվյալ պահից ցանկացած բիզնես ազատվում է կոռուպցիոն որևէ պարտավորությունից: Նաև այս առումով բացառում եմ, որ որևէ ընկերության նկատմամբ տեղային մակարդակով որևէ ձևով կփորձեն միջամտություն ցույց տալ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով նոր սփյուռքի դերին՝ ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է, որ վերջինս 80-ականների վերջերից սկսած մեծ գումարներ է ուղարկում Հայաստան՝ օգնության, բարեգործության տրամաբանության մեջ, ինչը գնահատելի է և կենսական նշանակություն է ունեցել ՀՀ-ի համար: Վարչապետը Հայաստանի ժողովրդի և պետության անունից շնորհակալություն է հայտնել դրա համար և հավելել՝ պետք է այնպես անել, որ այդ գումարները ներդրվեն տնտեսական գործունեության մեջ: «Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի գաք և Հայաստանում ունենաք բիզնես, շահույթ ստանաք և շահույթ բերեք ժողովրդին ու պետությանը: Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք, մեր նպատակն այն է, որ Հայաստանում փող աշխատելու հնարավորությունը լինի հնարավորինս լայն հասանելիության տիրույթում, ոչ թե նեղ շրջանակի համար: Գործարար դաշտը պետք է հասանելի լինի շատերին, և մենք այսօր կարողանում ենք դա ապահովել: Լսում ենք կարծիքներ, թե բիզնեսն ընդմիջում է վերցրել և սպասում է առաջիկա ընտրություններին: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, Հայաստանում այլևս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների տրամաբանության վրա, Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու և ես ինձ համարում եմ դրա երաշխավորը: Ժամանակը թանկ է և կոչ եմ անում այդ ժամանակը չկորցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ օրենքներում կան խնդիրներ: Նա տեղեկացրել է, որ կառավարությունն այսօր աշխատում է Հարկային օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ, աշխատում են դաշտն ազնիվ, արդար դարձնել, կարգավորել նաև օրենսդրությունը:

Անդրադառնալով տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթություններին՝ վարչապետն ընդգծել է, որ դրանցից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: «Մեր ընդհանուր առաջնահերթությունը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելն է, մեր նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների հիմնումը: Այսօր մեծ հետաքրքրություն կա, օրինակ՝ արևային էներգիայի պանելների արտադրության ոլորտում: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ գործարանները կառուցվեն: Երկրորդ առաջնահերթությունը, որն ուսումնասիրման փուլում է՝ ադամանդագործությունն է, ադամանդի մշակումը, որը մի ժամանակ լրջորեն զարգացած էր Հայաստանում: Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչպիսի հնարավորություններ կան: Հաջորդ առաջնահերթությունը գյուղատնտեսությունն է: Մեզ հարկավոր է այս ոլորտի նոր ընկալում. ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերի արտադրությունն ունի մեծ կարևորություն: Արտահանմանը միտված ոլորտների զարգացումը մեծ նշանակություն ունի: Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն է ու դրան հարակից ճյուղերի զարգացումը: Այս պարագայում, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահենք Հայաստանի բնապահպանության ոլորտը. էկոլոգիապես մաքուր միջավայրի և սննդի ապահովումը շատ կարևոր է տուրիստական կենտրոն դառնալու համատեքստում»,- ասել է վարչապետը:

Դիմելով գործարարներին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը որևէ մեկին չի առաջարկում իր կապիտալը տեղափոխել Հայաստան: «Փորձեք ձեզ համար անվտանգ համարվող որևէ շեմից: Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ոչ թե սպառողական տրամաբանությամբ ծախսվեն, այլ այնպես, որ ստեղծեն ավելացված արժեք: Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք: Բարեգործության փառաբանումը պետք է փոխարինել աշխատանքի փառաբանմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ձախողվելու ոչ մի պատճառ չունի. «Չի լինելու ձախողում, լինելու է հաջողություն հաջողության հետևից: Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության մեջ ունի ամուր դիրքեր, ներքին քաղաքականության մեջ իշխանությունն ունի ժողովրդի կատարյալ վստահությունը, ինչն անպայման իրացնելու ենք: Ես երաշխավորում եմ, որ Հայաստանի վարչապետը կոռուպցիոն որևէ գործարքի մեջ չկա և չի լինելու, մենք ապահովելու ենք խաղի հավասար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է օգտվել դրանից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում առկա խնդիրներին, որոնք վերաբերել են վարկային ծրագրերի արդյունավետությանը, առկա սակագներին, ինչպես նաև գազալցակայանների գործունեությանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտների զարգացմանը, ստեղծվող պայմաններին, ներդրումային հիմնադրամի ստեղծման հնարավորությանը և այլն: Մի խումբ գործարարներ ընդգծել են, որ պատրաստվում են Հայաստանում իրականացնել ներդրումային տարբեր ծրագրեր և հավելել, որ հայրենիքում տեղի ունեցած փոփոխությունները մեծ հույսեր է առաջացրել սփյուռքի շրջանում: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել են նորանոր հաջողություններ՝ ի նպաստ ժողովրդի բարեկեցության ապահովման:

Լրահոս
Հասել ենք այնտեղ, որ ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը. Արմեն Ռուստամյան Լիլիթ Գալստյան. Առկա ատելությունն ու թշնամությունը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը Երկրում նորից դանդաղ անցնում, թշնամիներ է փնտրում տերպետրոսյանական ոգին. Գեղամ Մանուկյան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Հիմա էլ Արցախից պահանջում են մեղքերի քավություն, ենթակայության խոստում. Գեղամ Մանուկյան Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել. ՀՅԴ անդամ Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք. ՀՅԴ գործիչ «Դուխով»-ի ժամանակն անցել է. Իշխան Սաղաթելյան Անհնարին է, որ Արցախը հակահեղափոխական օջախ լինի․ Վահրամ Բալայան Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է C-400-ի մատակարարումների հետ կապված ԱՄՆ վերջնագրի մասին տեղեկությունները Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը տոնեց գործունեության 5-ամյակը (Տեսանյութ) Դեղին քարտ՝ կառավարությանը. Ազատության հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացնում ՀՅԴ հանրահավաքն Ազատության հրապարակում Թուրքիայում տեղի է ունենում «Էրջիյես-2019» զորավարժությունը Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու, և խափանման միջոցը փոխելու որոշումները Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Գեներալ-մայոր Սամվել Կարապետյան Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել Հայաստանում կրտսեր ենթասպայական ու շարքային կազմի համար հավելավճարները կբարձրանան միջինը 18 տոկոսով Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզային ռեժիմի «Դավադրություններ»-ի իրականացումը նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում. Տիգրան Աբրահամյան Կառավարությունը քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով երկարացնելու որոշում կայացրեց Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական մեդիա ֆորումի բացմանը ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խիստ բացասական հետեւանքներով» է սպառնացել Թուրքիային Ս-400-ի պատճառով Նպաստների մասին օրենքում փոփոխություններ Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատարանի դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար «Ժամանակ». Քննարկում են՝ ի՞նչու վարչապետի կոչին այդքան քիչ թվով մարդ արձագանքեց «Ժամանակ». Տնտեսական քաղաքականության տապալումը պատճառ կդառնա պաշտոններին հրաժեշտ տալուն «Հրապարակ». «Պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք» «Փաստ». Դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներն առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան «Հրապարակ». Դատավորները այժմ երազում են փաստաբան դառնալ «168 Ժամ». ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ զգուշացո՞ւմ ՀՀ իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23 Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել Շուշին գրավելու մասին գրառումն այն է, ինչ Ադրբեջանն իրականում կա. Բաբայան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Նոբելյան մրցանակակիրը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների և ապագա գիտնականների հետ Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan