Սլովակիայից Ադրբեջան զենքի մատակարարումը միջազգային իրավունքի խախտում է

Սլովակիայից Ադրբեջան զենքի մատակարարումը միջազգային իրավունքի խախտում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին:

Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, հայկական կողմը երկկողմ խողովակներից բացի հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարում նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունը:

Լրագրողները նկատեցին, որ ՀԱՊԿ անդամ երկու երկիր շարունակում է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, Հայաստանն ինչպե՞ս է բարձրացնում այդ հարցը:

«Մենք այդ հարցը բարձրաձայնել ենք բելառուս և ռուս գործընկերներին: Մեր դիրքորոշումն այն է, որ չկենտրոնանանք մեկ երկրից մատակարարումներին, օրինակ, Սլովակիայից մատակարարումը կոնկրետ միջազգային իրավունքի խախտում է. երբ տրված է վերջնական օգտագործման սերտիֆիկատը մեկ երկրի համար, բայց բոլորը գիտեն, որ այդ զենքը հայտնվում է մեկ այլ երկրում: Այն երկրում, որտեղ հայտնվում է այդ զենքը, իրենք էլ գլուխ են գովում, ասում են՝ այ տեսեք զարտուղի ճանապարհներով բերել ենք: Սլովակիայի քրեական օրենսգրքում համապատասխան հոդված այս դեպքում նախատեսված է: Ինչ վերաբերում է այլ երկրներից մատակարարումներին, եթե դրանք օրենքի շրջանակում են, ապա դրանք սահմանափակելու մեր հնարավորությունները քաղաքական են: Իրավական որևիցե մեխանիզմ ազդելու մենք չունենք: Մենք շարունակում և վերահաստատում ենք մեր այն սկզբունքային դիրքորոշումը, որ խնդրահարույց է ցանկացած զենքի, մահաբեր սպառազինության մատակարարումը Ադրբեջանին՝ հաշվի առնելով այն անկանխատեսելի քաղաքականությունը, ինչպես նաև մարդու իրավունքների խայտառակ վիճակը, երբ զենքը կարող է օգտագործել ոչ միայն արտաքին հակառակորդների, այլ սեփական բնակչության դեմ»,-ասաց Տիգրան Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում