ԱՆ հորդորը Սևանա լճի որոշ` «ծաղկած» ափերում չլողալուն է վերաբերում. տարընկալում կա

ԱՆ հորդորը Սևանա լճի որոշ` «ծաղկած» ափերում չլողալուն է վերաբերում. տարընկալում կա

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի որոշ հատվածներում լողալուց զերծ մնալու մասին առողջապահության նախարարության հորդորը չպետք է տարընկալումների պատճառ դառնա:

«Արմենպրեսի»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը` անդրադառնալով այս առիթով Գեղարքունիքի մարզի որոշ բնակիչների դժգոհությանը: «Ես կրկին հղում եմ կատարում նախարարության պաշտոնական պարզաբանմանը, որտեղ խոսք է գնում ոչ թե առհասարակ Սեւանա լճում չլողալու մասին, այլ հստակ ընդգծվում է` զերծ մնալ միայն կոնկրետ «ծաղկած» կամ առատ ջրիմուռներով վայրերից: Նախարարության այս հայտարարությունը որեւէ կերպ չի առնչվում Սեւանա լճի մաքուր ափերում լողալուն: Հանրային լողափերը, հանգստի գոտիները, որտեղ նման խնդիր չկա, կարող են լինել եւ մնում են մարդկանց հանգստի համար հարմար վայր: Այս մասին իր հարցազրույցում եւ տեսաուղերձում բազմիցս հայտարարել են նաեւ առողջապահության նախարարը եւ նախարարության մասնագետները»,-շեշտեց Լիանա Եղիազարյանը:

Նա հավելեց, որ Սեւանա լճին առնչվող բնապահպանական խնդիրների մասին բնապահպանները խոսում են վաղուց` ներկայացնելով իրենց փաստարկները: Առողջապահության նախարարությունն իր հերթին մեծապես կարեւորում է հանրային առողջությանն առնչվող խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում