Բողոքի ակցիա իրականացնողների հետ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը

Բողոքի ակցիա իրականացնողների հետ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը

Օգոստոսի 7-ին Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսվարողներ եւ վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սեւան-Երեւան մայրուղու Գագարինի հատվածում՝ իրենց պահանջները չլսելու դեպքում սպառնալով փակել մայրուղին:

Բողոքի ակցիա իրականացնողների հետ անձամբ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

«Մեզ զայրացնում է որոշ բնապահպանների շինծու պահվածքը եւ նրանց կողմից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, որ իբրեւ թե Սեւանի ջուրը թունավորված է ազոտով, որի ջրերում լողանալը վտանգավոր է մարդկանց կյանքի եւ առողջության համար: Այս անհիմն կարծիքին ավելանում են նաեւ իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող ապատեղեկատվություններ սոցցանցերով կամ առանձին լրատվամիջոցներով, որ իբր ծովագյուղցի ձկնորսի ցանցում ծովահրեշ է հայտնվել, որ զանազան այլ վտանգների հետ է կապված Սեւանա լճի ափին հանգստանալը կամ լճում լողանալը: Այս շինծու քարոզչությունը հանգեցրել է նրան, որ այս հանգստյան սեզոնում Սեւանի ափին կտրուկ նվազել է հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը: Փոխարենը պետության կողմից չի իրականացվում համարժեք ու բավարար քարոզչություն, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները չտուժեն տարածվող ապատեղեկատվությունների արդյունքում»,- իրենց պահանջը ներկայացրին տնտեսվարողները եւ վարձակալները:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը բողոքի ակցիա իրականացնողներին տեղեկացրեց, որ թե իր, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, թե «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանի կողմից արդեն արվել են քարոզչության համար բոլոր անհրաժեշտ ակցիաները, որպեսզի հանրությունը լիարժեք համոզված լինի լճի ջրի մաքրության, հանգստյան անվտանգ սեզոնի կազմակերպման հետ կապված հարցերում:

«Մենք հավաստում ենք, որ Ձեր, ՀՀ առողջապահության նախարարի ու Ազգային պարկի տնօրենի կողմից վերջերս իրականացված ակցիաների արդյունքում Սեւանի հանգստյան գոտիներում սկսեց աճել հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը: Սակայն դրանից օրեր անց հետեւեցին որոշ բնապահպանների հայտարարությունները Սեւանա լճի ջրի թունավորված լինելու մասին, եւ ամեն ինչ գնաց արդեն հակառակ հունով: Մենք խնդրում ու պահանջում ենք՝ հրապարակավ լաբորատոր փորձաքննության ենթարկել Սեւանի ջուրը եւ պետական մարմինների միջոցով հավաստել, որ այն մաքուր է, վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը: Հանգստյան սեզոնն արդեն կիսվում է, իսկ եթե մենք այս ոչ բավարար տեմպերով փակենք այն, չենք կարողանա աշխատավարձեր վճարել, հարկային պարտավորություններ կատարել»,– բողոքեցին տնտեսվարողները:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը տեղում հեռախոսով կապ հաստատեց ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարների հետ՝ նրանց ներկայացնելով տնտեսվարողների բողոքը եւ ստեղծված իրավիճակը: Մարզպետի եւ նախարարների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համատեղ քննարկել ստեղծված իրավիճակը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը Սեւանի ափ անհիմն տեղեկությունների կամ քայլերի պատճառով նվազման միտումներ չդրսեւորի:

«Մենք ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ կանենք հնարավորը, որպեսզի ապահովենք ապատեղեկատվությունը լիարժեքորեն հերքող քարոզչություն: Միաժամանակ կառավարության հետ համատեղ մշակում ենք ձմեռային տուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածների զարգացման ծրագրերի ներդրումային քաղաքականություն, որպեսզի մոտ ապագայում հանգստյան սեզոնը դառնա ավելի տեւական ու եկամտաբեր»,- բողոքի ակցիա իրականացնողներին դիմեց մարզպետը՝ հորդորելով դադարեցնել բողոքի ակցիան եւ անցնել իրենց առօրյա աշխատանքին:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում