ԱՄՆ Սենատի կոմիտեն Ասանժին կանչել է հարցաքննության

ԱՄՆ Սենատի կոմիտեն Ասանժին կանչել է հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեն WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին կանչել է հարցաքննության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է WikiLeaks-ի թվիթերյան էջը:

«ԱՄՆ Սենատի կոմիտեն Ջուլիան Ասանժին հրավիրել է հարցաքննության: Ծանուցման նամակը ուղարկվել է Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ WikiLeaks- ի իրավաբանների թիմը ուսումնասիրում է ծանուցման բովանդակությունը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Ասանժին հարցաքննության են հրավիրել 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի Դաշնության հնարավոր միջամտության հետ կապված:

ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտության, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջեւ ենթադրյալ կապերի հետաքննությունը վարում է անկախ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի հետախուզական հանձնաժողովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության վերաբերյալ մեղադրանքները բացարձակապես անհիմն է համարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում