Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը

Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը

2016-ի քառօրյա պատերազմից հետո Արցախի հանդեպ ուշադրությունը կրկնապատկվեց, ինչը դրսևորվեց մարդկանց մեծ ցանկությամբ որևէ դրական ծրագիր իրականացնելու Արցախի ժողովրդի համար։ Մի կողմ թողնելով հատուկ հաշվեհամարի և հանգանակության շուրջ մեկնաբանությունները, հետաքրքրական է դիտարկել բարեգործական ծրագրերի ուղղության փոփոխությունը։ Վերջին տարիներին, փաստորեն, այլևս ոչ թե հանգանակություն են կատարում, այլ թեմատիկ կամ բովանդակային ծրագրեր են իրականացվում։

Այս տեսանկյունից ամենակարևոր ու կենսական նշանակություն ունեցող ծրագիրը, Արցախի պաշտպանության բանակի վերազինումն է ու շփման գծի պաշտպանական համակարգերի տեղադրումը։ Պարզ պատճառներով այս մասին ինֆորմացիան շատ չէ, բայց պաշտոնական աղբյուրներից գիտենք, որ Արցախի համար քայլ կատարածների խմբում են Գազպրոմ Արմենիան, Ռուսաստանի հայկական համայնքը, Մայր աթոռը։ Անհատներից հիշատակվում են գործարարներ Ռուբեն Վարդանյանի և Գուրգեն Խաչատրյանի անունները։ Նշենք, վերջինս Ucom ընկերության խորհրդի նախագահն է և հայկական մամուլում այդքան քննարկվող նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդին, ով, փաստորեն, ըստ նշվող աղբյուրների շարունակում է Պաշտպանության բանակի աջակցության ծրագրին նշանակալի մասնակցություն ունենալ։

Սոցիալական նշանակության ծրագրերից նշանակալի է հատկապես արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի աջակցությամբ Նորագյուղում բացված մանկապարտեզի ծրագիրը։ Կարևոր է Ռուսաստանաբնակ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցը Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման և վերաբնակեցման ծրագիրը։ Մեկ այլ ռուսաստանաբնակ, մեր հասարակությանը առավել հայտնի Սամվել Կարապետյանը, ով հանդիսանում է «Տաշիր Գրուփ» ընկերության հիմնադիրը, իրականացրել է կարևորագույն՝ Շուշի և Մարտունի քաղաքների ջրամատակարարման ներքին ցանցի կառուցուման ծրագիրը, որով փաստորեն լուծվում է այս բնակավայրերի խմելու ջրի հարցը։ Գործարարի մասնակցությամբ մեկ այլ ծրագրի կառուցվել է Արցախի հանրապետական հիվանդանոցը։

Ինչպես չհիշատակես Ֆրանսիահայ բարերարներ Պողոս և Մարիզա Փալաջյաններն այս համատեքստում, ովքեր Ստեփանակերտում ապրող 120 միայնակ տարեցների և հաշմանդամների աջակցություն են ցուցաբերել՝ պարենային փաթեթեր, ջերմություն ու ժամանակ տրամադրելով։ Ցանկն անխոս մեծ է, և իհարկե, ինչպես Ֆորշի հայտնի երգում է ասում՝ «ներողություն բոլոր այն տղերքից, ում անունները չնշեցինք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում