Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ մարզի Երանոս, Վարդաձոր, Լիճք և Զոլաքար համայնքներում:

Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում քննարկվեցին դպրոցամերձ տարածքի՝ մոտ 150 մետր հատվածի պարսպապատման և դպրոցի ճաշարանի հիմնանորոգման խնդիրները: Իշխան Սաղաթելյանն առաջարկեց դպրոցի տնտեսված միջոցներն ուղղել դրանցից ամենահրատապի լուծմանը:

Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց դպրոցի շենքային անմխիթար վիճակը, խոստացավ խնդիրը ներառել մարզի անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցների ցանկում և ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:

Այնուհետև Իշխան Սաղաթելյանն այցելեց Վարդաձոր համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացավ շինարարության ընթացքին: Այստեղ աշխատանքները մեկնարկել են 2017 թվականից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 162 միլիոն դրամ: 75 սանի համար նախատեսված նորակառույցը շահագործման կհանձնվի առաջիկայում:

Մարզպետը եղավ նաև Վարդաձորի մշակույթի տանը և համայնքի ԱԱՊԿ-ում, ծանոթացավ պայմաններին և իրականացվող աշխատանքներին:

Իշխան Սաղաթելյանի հաջորդ կանգառը Լիճք համայնքում էր, որտեղ նա ծանոթացավ արդեն շահագործման պատրաստ մանկապարտեզի շենքային պայմաններին և հնարավորություններին: 116 միլիոն դրամ արժողությամբ շինարարության պատվիրատուն ևս Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որը տրամադրել է նաև մանկապարտեզի գույքի մի մասը: Մանկապարտեզը սպասարկելու է 70 սանի:

Իշխան Սաղաթելյանը շրջեց Լիճքի՝ վերանորոգված մշակույթի տանը, եղավ համայնքի անմխիթար վիճակում գտնվող հիմնական դպրոցում, դիտարկեց առկա պայմանները և խոստացավ խնդիրը քննարկման ներկայացնել համապատասխան գերատեսչություններում: Լիճք համայնքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ նաև այս տարվա ընթացքում սուբվենցիայով իրականացված երկու ծրագրերին՝ 11,2 միլիոն դրամի արժողությամբ խմելու ջրի ներքին ցանցի կառուցման և 24,9 միլիոն դրամ արժեք ունեցող ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում