Հայաստանը մոբիլիզացրել է ուժերը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին լավագույն ավանդույթներով հյուրընկալելու համար. վարչապետ

Հայաստանը մոբիլիզացրել է ուժերը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին լավագույն ավանդույթներով հյուրընկալելու համար. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին: Այդ մասին Երևանում Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումի բացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆորումին մասնակից բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հավելել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բնութագրեցին քաղաքացիական շարժման ուժը: «Այդ իրադարձություններին երիտասարդների, կանանց և տղամարդկանց մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարևոր են մեր երկրում ժողովրդավարության, համերաշխության արժեքները, որ մենք ունենք մեր երկրում և որոնք մենք կիսում ենք Ֆրանկոֆոնիայի մեր բոլոր բարեկամների հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկիրը կարևոր գործ է ստանձնում և կարևոր հանգրվան է ապրում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի գագաթնաժողովի մասնակիցներին: Հույս ունեմ, որ այս գագաթնաժողովը կնպաստի Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ամբողջ աշխարհում և Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի դիվանագիտական կենտրոնը. 84 երկրների և կազմակերպությունների պատվիրակությունների մասնակցությունը գագաթնաժողովին կտա մի նոր ուժ, նաև մասնակիցները կկարողանան բացահայտել Հայաստանն ու նրա մշակութային արժեքները, որոնք կազմում եմ ֆրանկոֆոն տարածքի մաս: Համոզված եմ, որ գագաթնաժողովը կլինի անմոռանալի և մենք կարձանագրենք մեծ հաջողություններ»,- նշեց վարչապետը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումը, որին մասնակցում են շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում