Ոստիկանները քիչ առաջ զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին

Ոստիկանները քիչ առաջ զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Armtimes.am: Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում:

Մեր տեղեկություններով, ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունները, որտեղից չհերքեցին, սակայն խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Մեր հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասացին, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է:

Նշենք, որ այսօր Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ինքը օլիգարխ չէ եւ թիկնապահ էլ չունի:

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:

Տեսանյութը՝ «Ավրորա Մեդիայի»

Հետևեք մեզ նաև Telegram-ում