ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը

ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը» (Քննիչ հանձնաժողով) հնարավոր է, որ քննի նաև դատախազության պատշաճ հսկողության հարցը՝ «Ռոբերտ Քոչարյանի գործով» (Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ-Խմբ.): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս մասին նշեց Քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան:

«Արդարադատության իրականացման խոչընդոտելու փաստերը կապված են կոնկրետ քրեական գործերի նախաքննության ընթացքի հետ: Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության կողմից: Այսինքն՝ դատախազությունն այն սահմանադրական մարմինն է, որը նաև հետաքննության և նախաքննության օրինականության երաշխավորն է: Եվ մենք պետք է նաև քննարկման առարկա դարձնենք՝ արդյոք տվյալ գործի շրջանակում իրականացվում է պատշաճ հսկողություն օրինականության կատարման նկատմամբ: Անգամ ապացույցների բացարձակ առկայության պայմաններում, եթե կա անօրինական միջամտության կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ անօրինական միջամտելու դրսևորում, դա ողջ արդարադատությունը դարձնում է ոչ օբյեկտիվ»,– մինչ հարցը նշեց Կոստանյանը:

Լրագրողի լրացուցիչ հարցին, թե «խոսքը արդյոք վերաբերո՞ւմ է «Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին», Գևորգ Կոստանյանը պատասխանեց՝ «այո»:

Լրագրողի հարցին՝ քննիչ հանձնաժողովում քննարկման առարկա կդարձնե՞ն «Քոչարյանի քրեական գործը», նաև՝ կալանավորման հանգամանքը, Կոստանյանը նշեց՝ ինքը քրեական գործի քննարկման մասին չի խոսում: «Ես խոսում եմ երևույթի մասին՝ դա կլինի Քոչարյանի հետ կապված գործով, թե՝ այլ գործով, նշանակություն չունի։ Ես խոսում եմ երևույթի մասին: Մենք քննարկման առարկա ենք դարձնելու, թե դատախազական հսկողությունն օրինականության կատարման նկատմամբ տվյալ դատավարական գործողությունների իրականացման մասով առնվազն պատշա՞ճ եղել է, թե՝ ոչ , այսինքն՝ հսկողություն եղե՞լ է, թե՝ չի եղել, պատշա՞ճ է եղել, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ սա ցանկացածիս պետք է մտահոգի այն առումով, որ ամենահիմնավորված լինելու պայմաններում գործի, եթե օրինականությունը պատշաճ երաշխավորված չէ, քննության որևէ փուլում՝ կա՛մ ներպետական ատյաններում, կա՛մ, հնարավոր է նաև, միջազգային իրավական ատյանների որոշումների արդյունքում հանգեցնի արդարացումների, ինչը, ես կարծում եմ, որ բոլորիս համար շատ մտահոգիչ է»,- եզրափակեց Կոստանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում