Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին

Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Թորոսյանը պնդում է, որ Ամուլսարի հանքը շահագործելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությանը օրինական է տրվել ընդերքօգտագործման թույլտվություն։

Նշենք, որ Գևորգ Թորոսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայրն է։ Նրա մասին օրերս տարբեր բնապահպաններ տեղեկություններ էին տարածում, թե Ամուլսարի ծրագրի վերաբերյալ լսումների ժամանակ նա վիրավորել է ներկա փորձագետներին, բնապահպաններին։ Մասնավորապես, բնապահպան Սիլվա Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Թորոսյանը եկել էր Ամուլսարի խնդիրների կլոր սեղանին մասնակցելու։ Պռավալ տալու նպատակով անպատվեց հասարակական գործիչներին, արժանավոր գիտնականներին, վերջում էլ հավելեց, որ սա կառավարության տեսակետն է»։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գևորգ Թորոսյանն ասաց, որ ինքը չի կարող կառավարության դիրքորշում հայտնել, այլ հարցի շուրջ արտահայտվել է որպես ընդերքօգտագործման գործակալության մասնագետ և հանդես եկել իր անունից։

«Միջոցառումը կազմակերպված ակցիա էր Ամուլսարի դեմ, իսկ ես հայտարարեցի, որ Ամուլսարը պետք է աշխատի, իսկ դա մարդկանց դուրը չեկավ։ Փոխադարձ վիրավորանք բանավեճ եղել է, ես ասացի, որ կեղծ թվեր եք ներկայացնում, իսկ ես ճիշտ թվեր էի ասում, դուրները չէր գալիս։ Իրենք ինչքանով դեմ են շահագործմանը, ես էլ այնքանով կողմ եմ, որ հանքը շահագործվի», – ասաց նախարարի հայրը՝ ներողություն խնդրելով քննարկման այն մասնակիցներից, ովքեր վիրավորվել են իր խոսքերից։

Նա ասաց, որ ինքը ոլորտի հնաբնակներից է և տեղյակ է ոլորտին խորությամբ։ Մասնագետի կարծիքով, քանի դեռ Ամուլսարի հանքի շահագործման համար տրվել է ընդերքօգտագործման իրավունք, ապա դա պետք է շահագործվի։

«Կա ընդերքօգտագործման իրավունք, որ տրված է այդ ընկերությանը։ Այդ իրավունքը ոչ կասեցված է, ոչ դադարեցված ու պետք է շահագործվի։ Չէ՞ որ նա իրավունքի սուբյեկտ է», – նշեց Գևորգ Թորոսյանը։

Հարցին, թե ընկերությանը ընդերքօգտագործման իրավունքն օրինակա՞ն է տրվել, Թորոսյանը պատասխանեց. «Նրանց այդ իրավունքը տրվել է օրենքի տառը պահպանելով, օրենքի խստագույն պահանջներին համապատասխան»։

Նշենք, որ բնապահպանները ընդդիմանում են «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործմանը և բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել։ Ընկերության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել էին, որ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական և ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների վրա, օգտվել են աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից և վստահեցնում էին, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում