ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին

ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Առավոտյան ժամը 8:00-ին մեկնարկել է ընտրությունների քվեարկությունը: 3 ժամը մեկ պարբերականությամբ կհրապարակվեն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ: Կեսգիշերից սկսած կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը, դրանք կհրապարակվեն տեղամաս առ տեղամաս»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրական բոլոր տեղամասերում ապահովվել է պատշաճ քվեարկությունը:

«Երևան քաղաքում քվեարկության համար կազմակերպվել է 475 տեղամաս: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 անձանցից 31-ը չեն ներկայացել: Հանձնաժողովներն աշխատում են ամբողջական ռեժիմով: Չենք ունեցել հանձնաժողով, որտեղ քվորում ապահովել հնարավոր չի եղել ու չի կազմակերպվել պատշաճ քվեարկություն: Այս ընտրություններում ևս գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Գրանցումն իրականացվելու է 1380 սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8-ի դրությամբ բոլոր սարքավորումները գործարկվել են: Նկատված խնդիրները շտկվում են»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 1 միջազգային կազմակերպություն, 662 տեղական դիտորդներ, այցելուի կարգավիճակով՝ տասնմեկ օտարերկրյա քաղաքացի: Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 44 ԶԼՄ՝ 620 ներկայացուցչով և 5 օտարերկրյա ԶԼՄ-ի 10 ներկայացուցիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում