ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների

ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները պատրաստ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցի և պայմանների վերաբերյալ բանակցությունների: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին խմբակցությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

«Ես, անկեղծ ասած, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմքեր չեմ տեսնում, բայց ցանկացած բանակցությունների մենք պատրաստ ենք: Խորհրդարանն աշխատում է իր բնականոն հունով, ընդառաջում է կառավարության բոլոր օրենքներին և ծրագրերին: Մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծում՝ առավել ևս ներդրումների հետ կապված, ողջունում և օժանդակում ենք: Նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մենք «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները պետք է ավարտին հասցնենք»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու հավելեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ քաղաքական խնդիրները կարգավորելու մոտեցում չեն:

Բաղդասարյանը, այնուամենայնիվ նշեց, որ ցանկացած տիպի բանակցությունների առաջարկ չեն մերժում: Հարցին՝ հնարավո՞ր է բանակցությունների արդյունքում փոխեն իրենց տեսակետը, նշեց՝ բանակցությունները հենց նրա համար են, որ հասկանան, թե ինչ իմաստ ունի նշված նյութը: «Այս հարցը միանձնյա որոշման ենթակա չէ, բայց քննարկման առարկա է: Մենք կքննարկենք ու որոշում կկայացնենք»,– նշեց Բաղդասարյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ իրենք ևս կողմնակից են, որ ձևավորվի քննարկումների ձևաչափ, և կարողանան համակողմանի որոշում կայացնել: Խորհրդարանական ընտրությունների ժամկետ դեռ չի կարող նշել, քանի դեռ բանակցությունները չեն կայացել: Զերծ մնաց այլ մանրամասներ ասելուց, պարզապես նշեց՝ իրենց խմբակցությունը պատրաստ է այդ բանակցություններին:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխական ուժն է, որն էլ և առաջ է բերել արտահերթ ընտրությունների օրակարգն ու անհրաժեշտությունը: Ժամկետների մասին հստակ դեռ ոչինչ ասել չկարողացավ: Վարչապետի հետ բանակցությունների ընթացքում կհստակեցվի դա: «Կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններն իսկապես անհրաժեշտություն են մի քանի պատճառներով: Նախկինում նշում էինք մասնավորապես այն, որ կառավարության ծրագրում է գրված մինչ մեկ տարի ժամկետը: Խոսում էինք նաև այն մասին, որ հանրության տրամադրությունները արտացոլված չեն ԱԺ-ում: Հիմա, փաստորեն, Երևանի ավագանու ընտրություններից հետո ունենք հետևյալ պատկերը՝ ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը, որոնք ներկայացված են նաև Ազգային ժողովում, շատ քիչ ներկայացվածություն ունեն ավագանիում: Դա նշանակում է, որ մարդկանց վերաբերմունքը նաև փոխվել է քաղաքական ուժերի հանդեպ: Եվ հիմա առավել արտացոլված և ակնհայտ է, որ ԱԺ-ն չի արտացոլում մարդկանց տրամադրություններն ու կամքը»,- հիմնավորեց Նազարյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը արձանագրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում: Դրան կողմ են քվեարկել նաև իրենք: «Եվ մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել, հետևաբար, որևէ անպատեհություն չենք տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դրա ժամանակացույցի, ճանապարհային քարտեզի շուրջ քննարկում ունենալու համար»,- ընդգծեց Համբարձումյանը:

Նա նշեց՝ իրենք ի սկզբանե առիթ են ունցել ասելու, որ արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետներ ասելը ճիշտ չէ, պետք է նկատի ունենալ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ քայլերի և գործողությունների տրամաբանական ժամկետները, օրենսդրաիրավական կարգավորումները, մրցակցային պայմանների ապահովումը: Շեշտեց՝ պատրաստ են քննարկել ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը, դրանից հետո իրենց որոշման մասին կտեղեկացնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում