Հեռախոսային խոսակցություններ լսելու ինչ սարքավորումներ են ներմուծվել. Քննիչ հանձնաժողովը ուղարկելու է հարցումներ

Հեռախոսային խոսակցություններ լսելու ինչ սարքավորումներ են ներմուծվել. Քննիչ հանձնաժողովը ուղարկելու է հարցումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը հարցումներ է ուղարկելու պետական և ոչ պետական մարմիններ՝ տրամադրելու տեղեկություններ, թե հեռախոսային խոսակցություններ լսելու կարողություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ նիստում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

«Մենք հարցումներ ենք ուղարկելու պետական և ոչ պետական մարմիններ՝ տրամադրելու տեղեկություններ, թե հեռախոսային խոսակցություններ լսելու կարողություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր օրինական ճանապարհով: Նաև ուղարկելու ենք հարցումներ, թե ինչ տեղեկություններ կան, որ որևէ անձինք ապօրինի են ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ: Եվ այսպես՝ շարունակ»,-նշեց Կոստանյանը:

Նա ասաց՝ քննարկելու են ձեռք բերվող տեղեկության նախնական ցանկը: Կոստանյանը նաև շեշտեց՝ մեր երկրի համար կարևոր առաջնահերթություն, կենսական նշանակություն ունեցող հարց է այն, որ ապօրինի կերպով գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցները: Առաջարկեց քննարկել հենց այդ մասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում