Արցախի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

Արցախի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ընթացքում քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների և ԱՀ ԱԺ մյուս մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ԱԺ անունից վերստին շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը թե՛ մշտական հանձնաժողովների, թե՛ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օրենսդրական աշխատանքների ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը:

Հայաստանի Հանրապետության ԱԺ ղեկավարը ևս կարևորել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների միջև առկա կապերի զարգացումը և խորհրդարանի դերի բարձրացումը՝ երկրի բնականոն և անցնցում կենսագործունեության առումով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ներքաղաքական ներկայիս իրավիճակին և հնարավոր զարգացումներին, երկու երկրների առողջապահական ոլորտներին, միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմաների:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացման վերաբերյալ:

Խորհրդրանում տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում