Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը Ադրբեջանի կառավարության դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը Ադրբեջանի կառավարության դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովի Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացրած հայցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:

Էմին Հուսեյնովի հայցը կապված է իրեն Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հետ:

Հանձնակատարը շեշտել է, որ Ադրբեջանում իշխանություններին քննադատող, կամ նրանց գործունեությունից դժգոհող անձինք ենթարկվում են ճնշումների: Նա նշել է նաև, որ Ադրբեջանում անձին քաղաքացիությունից զրկելը կարող է օգտագործվել որպես պատժիչ գործիք հասարակության շրջանում քննադատական ձայները լռեցնելու համար:

«Իրավապաշտպանին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ հայցը պետք է դիտարկել ոչ միայն, որպես քաղաքացիությունից զրկելու դեմ բողոք, այլ որպես Ադրբեջանում իրավապաշտպանների ահաբեկման ավելի լայն պատկեր»,-նշել է հանձնակատարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում