Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի արտաքին գործերի նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի արտաքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ օգոստոս ամսին Երևանում հյուրընկալելուց հետո ուրախ է կրկին հանդիպել ռուանդացի իր գործընկերոջը: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ զրուցակիցներն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև հարաբերությունների առավել ակտիվացման և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես թիրախային ոլորտ նշելով թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները:

Ընդգծելով, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը հադիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ Երևանում ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի ինչպես կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության ընդլայնմանը, այնպես էլ կուրվագծի անդամ պետությունների միջև երկկողմ կապերի առավել ամրապնդման ու խորացման հեռանկարները:

Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի արդյունքների, 17-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերի, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում