ՌԴ քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

ՌԴ քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, ով դատապարտվել էր ազատազրկման խարդախության մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմերսանտ» թերթը, նրա հարազատներին մերժել էին դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հայցը, սակայն պաշտպանական կողմը համապատասխան որոշումը բողոքարկելով կարողացել է չեղարկել այն:

Այժմ փաստաբանները հուսով են, որ նախաքննական մարմինը կուսումնասիրի Հայրապետյանի թունավորման վարկածը, քանի որ մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը:

«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել է Հայաստան եղբորը և ընկերոջը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսին ու հայտնել, որ իրեն թունավորել են», – ասել է Հայրապետյանի պաշտպան Կարեն Ներսեսյանը:

Նրա խոսքով` Հայրապետյանն ասել էր, որ երկար չի ապրի և հորդորել էր իրեն հուղարկավորել առանց դատաբժշկական փորձաքննության։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկները արձանագրել էին, որ Հայրապետյանի մահը սրտային անբավարարության հետևանք է եղել:

Լևոն Հայրապետյանը մահացել էր քրեակատարողական հիմնարկում 2017 թվականի հոկտեմբերի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում