AM | RU
USD
EUR
RUB

Նախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի. Նիկոլ Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և քաղաքական իրավիճակը հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն է ունենում: Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, մեր աշխատանքներն ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Բայց, մյուս կողմից, այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման, առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար: Նաև օգտվելով այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, սա շատ լավ ժամանակաշրջան է հատկապես առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար: Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված՝ այս ժամանակը կօգտագործի այդպիսի կառուցողական նպատակներով»:

 

Կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ խթանելու տեղական արտադրողների մուտքը նոր շուկաներ

Կառավարությունը բավարարել է «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ալյումինե կափարիչների արտադրության համար, որոնք օգտագործվում են հիմնականում հանքային և խմելու ջրի արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ 784 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 27 աշխատատեղ՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 712 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 749 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստան:

Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Արմենիա վայն» գործարան և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը բավարարելու մասին որոշումների մեջ: Մասնավորապես, «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ն նախատեսում է ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ նոր սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 3,4 մլրդ դրամ: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 144 նոր աշխատատեղ՝ 204 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը փաստացի իրականացրել է 4 մլրդ 737 մլն դրամի ներդրում:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գինեգործության և կոնյակագործության ոլորտի զարգացման հնարավորություններին, նշել է, որ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, քաջալերի տեղական արտադրողներին՝ նոր շուկաներ մուտք գործելու համար։

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը, ինչը ինձ համար կարևոր և լավ նորություն էր: Ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ: Ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի, իհարկե իրենց բառապաշարով՝ բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել այդ խմիչքների արտադրության որոշակի միջազգային չափանիշի:

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները արտադրանքի ծավալները մեծացնելու համար։ «Կարծում եմ՝ այս պահին առավել մեծ խոչընդոտը դրա համար արտադրանքի ծավալներն են, և նաև այս կարգի ներդրումային ծրագրերով պետք է աջակցենք մեր գինեգործներին և կոնյակագործներին արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում: Չնայած մյուս կողմից կարող ենք միջնաժամկետ հեռանկարում խնդիրներ ունենալ նաև Հայաստանում մշակվող խաղողի ծավալների հետ, և այս առումով գյուղատնտեսության նախարարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի, որպեսզի մեր երկրում խաղողի այգիների ծավալները, դրանց մշակման կուլտուրան և որակը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության, ոռոգման խնդիրները պատշաճ մակարդակի բերենք, որովհետև ակնհայտ է, որ գինեգործությունը շատ հեռանկարային ճյուղ է»,-ընդգծել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կոնյակի արտադրության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ: «Կոնյակի արտադրության ոլորտը համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ խնդիրներ, այն է՝ ոչ իրական արտադրանքի սպառումը և տարածումը հատկապես Եվրասիական տնտեսական միության տարածքում, այսինքն՝ հայկական կոնյակի անվան տակ տարածվող այն խմիչքները, որոնք իրականում հայկական կոնյակ չեն: Այստեղ էլ մենք պետք է շատ լուրջ վերահսկողություն կարողանանք ապահովել մթերման ծավալների առումով, որպեսզի չստացվի, որ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտ ներկրեն կամ թեկուզ ոչ հայկական կոնյակի սպիրտ ներկրեն և դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա լրջագույն նեգատիվ ազդեցություն է ունենում:

Ընդհանուր առմամբ շատ լավ միտում է, որ մեր այսօրվա կառավարության նիստում մենք հիմնականում քննարկում ենք արտադրությանը վերաբերող ներդրումային ծրագրեր, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք գործարար դաշտի և բիզնեսի հետ համագործակցության դաշտ, այսինքն՝ շարունակում ենք խորացնել մեր համագործակցությունը: Առաջիկայում նաև մենք պետք է Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում լրջագույն քննարկումներ ունենանք բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ և կարողանանք հասնել ըստ էության ըմբռնման, թե մենք ինչ քայլերով պետք է գնանք առաջ, որպեսզի ոչ թե տարբեր, այլ նույն դիրքերում լինենք, նույն խնդիրը լուծելու նպատակն ունենանք՝ ուղղակի յուրաքանչյուրս մեր գործառութային դերերի կատարմամբ»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել 2018 թ. փետրվարի 14-ին Երևան քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին:

Հավանություն է տրվել 2018 թ. փետրվարի 12-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս զարգացնել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև փոխադարձ համագործակցությունը, ինչպես նաև գործարար կապեր ստեղծել երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների միջև:

Հավանության է արժանացել 2018 թ. սեպտեմբերի 4-ին և 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Շրջանակային ծրագիր՝ ուղղված ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը» ֆինանսավորման համաձայնագրի N 2 լրացման վերաբերյալ» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը: Ֆինանսավորման համաձայնագրի գործողություններն ուղղված են աջակցելու ՀՀ կառավարությանը` իրականացնելու բարեփոխումների օրակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է այնպիսի փոխկապված խնդիրներ, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի կայունությունը, արդյունավետ կառավարումը, մարդու իրավունքները և գենդերային հավասարությունը: 

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թ. սեպտեմբերի 8-ի համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի հիման վրա ԵԱՏՄ անդամ մի շարք պետություններ կիրառում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ:

Այդ համակարգը ՀՀ-ում նախատեսվում է կիրառել 2018 թ. նոյեմբերի 1-ից: Որոշմամբ նախատեսվում է նաև փորձնական ծրագրի շրջանակում հարկ վճարողներին հսկիչ նշանները տրամադրել անվճար:

Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը որպես պետական սեփականություն ամրացվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին: Արդյունքում Վայոց ձորի մարզում կստեղծվի նոր բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Հիմնավորման համաձայն, մարզում նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները ընդգրկվել են Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային ծրագրի շրջանակներում:

Գործադիրի որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

 

Լրահոս
Արցախի ԱԺ-ում տեղի են ունեցել Խորհրդարանական լսումներ «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները» թեմայով Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով ԱԱԾ սահմանապահ զորքերը համալրվում են ինտենսիվ կերպով Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 4 (Տեսանյութ) Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է. ԿԳՆ Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան Պուտին. Հայաստանի ու մյուս երկրների հետ միությունները կառուցվում են ինքնիշխանության հարգման վրա Դավիթ Տոնոյանի հավաստիացմամբ` սահմանային իրավիճակը կայուն է Արցախի պատվիրակությունը Որուգվայում շարունակում է քաղաքական հանդիպումները Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին. Պուտին Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահ զորքերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆլորենցիայում կմասնակցի «Կրոնների փառատոն»-ին «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ Հնարավոր է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի ունենա Վաշինգտոնում Մակրոնն առաջարկել է նվազեցնել Շենգենյան գոտին Վարչապետի նոր նշանակումը Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում եղանակից Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը Երևան-Մեղրի ճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ «Հրապարակ». Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը «Իրատես». Իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ «Հրապարակ». Վազգեն Սարգսյանին ոչ արժանի պահվածք «Ժամանակ». Հանրությունը կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայրերի իրական տերերը «Փաստ». Գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սև ցուցակները» «Ժողովուրդ». Համանախագահները, ԵՄ պաշտոնյաները չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 26 Մինչև ապրիլի 28-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելն ընդգծում է մեր երկրների հարաբերությունները. Փաշինյան Նիդերլանդներում տարբեր քաղաքներում ոգեեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից Միհրան Հակոբյան. Շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակն է. Դավիթ Բաբայան Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչման գործում. Էդուար Ֆիլիպ Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan