Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի է համարում ՀՀ ԳԱԱ դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում

Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի է համարում ՀՀ ԳԱԱ դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը նիստի մեկնարկին իր հայրապետական բարեմաղթանքը հղեց: «Ուրախ ենք ներկա գտնվելու ԳԱԱ հիմնադրման 75-ամյակի տոնական այս միջոցառմանը: Այս պատմական հոբելյանի առիթով բերում ենք ամենքիդ մեր օրհնությունն ու շնորհավորանքը և մաղթում այս գիտության տաճարին արդյունավետ աշխատանքի նոր տասնամյակներ»,-նշեց նա:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի համարեց ակադեմիայի դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում: «Մեր ազգի պարծանքը դարձած ականավոր գիտնականների անունները ոսկե տառերով են արձանագրվել մեր պատմության մեջ: Այսօր էլ ակադեմիայի տանիքի ներքո տքնում են բազմաթիվ երիտասարդ գիտնականներ, ովքեր մեր երկրի զարգացման կարևոր գրավականն են: Մեր ժողովրդի աշխատասիրությունը, գիտելիքի նկատմամբ սերը, հավատարմությունը նախնյաց կերտած արժեքներին այն հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցենք մեր հաջողություն պատմությունը, վաղվա օրը: Պետք է կարողանանք պայմաններ ստեղծել բացառիկ ընդունակություններով օժտված մարդկանց համար, ու կբազմապատկվի մեր ուժը, կարողություններն ու հաջողությունները»,- ասաց Վեհափառ Հայրապետը` հաջողություն մաղթելով գիտության մշակներին:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով` ԳԱԱ 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ակադեմիայի արտասահմանյան անդամներ: «75 տարիների ընթացքում հանրապետության բարձրագույն գիտական կենտրոնը դժվարին ուղի է անցել: Դեռևս խնդիր է մնում գիտական կադրերի երիտասարդացման հարցը: Երիտասարդ գիտնակաների համար գիտության ոլորտը պակաս գրավիչ է դարձել»,– ասաց Մարտիրոսյանը, ներկայացնելով ԳԱԱ ստեղծման պատմությունն ու 75 տարիների գործունեության կարևորագույն մանրամասները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում