Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր

Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը:

«Առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է նիստ ունենանք, ժամանակը շատ կարճ է, ինտենսիվ պետք է աշխատենք, որ գոնե այս նախաձենությունը կարողանանք որոշակի հանգուցալուծման բերել»,- նշեց հանձնաժողովի նախագահ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ առաջարկելով հանձնաժողովի կազմում ներգրավվել նաև համապատասխան մասնագետների։

«Ես համոզված եմ, որ չի կարելի 10-15 տարի խոսել, որ առայժմ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսել։ Կարծում եմ՝ հակառակը. հենց հիմա է ժամանակը դրա մասին խոսելու։ Գազը սահմանից կրկնակի թանկ է հասնում վերջնական սպառողին, ու հանձնաժողովի առաքելությունը լինելու է նաև հատ-հատ ուսումնասիրել սահմանից սպառողին հասնող ամբողջ շղթան ու հասկանալ, թե տեխնոլոգիական կորուստների մասով ինչ իրավիճակ է։ Ո՞վ է որոշում, որ Գազպրոմի շահութաբերությունը պետք է լինի 10 տոկոս կամ ՀԷՑ-ինը՝ 14»,- ասաց Մելքումյանը։

Նա ընդգծեց, որ պետք է ուսումնասիրվի նաև գազի կալորիականության հարցը։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունն ասաց, որ կիսում է հնչող բոլոր հարցադրումները։

«Առանձին ուսումնասիրության կարիք ունի բնական մոնոպոլ ծառայություններ մատուցող ընկերությունների շահութաբերության հաշվարկման և դրույքաչափը, և մեթոդիկան»,- ասաց Հարությունյանը։

Քննիչ հանձանաժողովի փոխնախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց. «Ամեն ինչ էլեմենտար գողության մեջ է։ Մարդիկ գնումների ժամանակ գնում են որևէ ապրանք, որի իրական շուկայական արժեքը 100 դրամ է, ձևակերպում են 150 դրամով։ Մարդիկ լկտիաբար մտնում են քաղաքացու տուն ու գողանում են փող։ Մեր աշխատանքների շեշտադրումը կարելի է այս հանգամանքի վրա դնել»։

Նա համոզմունք հայտնեց, որ գնումների շուկան ուսումնասիրելով, կարելի է եզրակացնել, որ թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս։

«Պետք է աշխատենք, որ կարողանանք արդյունք ունենալ»,- հավելեց պատգամավորը։

ՀՀԿ-ական պատգամավոր Վահան Հարությունյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սակագնի մեջ մեծ բաղկացուցիչ է կազմում նաև ենթակառուցվածքների՝ հիմնական միջոցների մաշվածությունը. «Հիմնական միջոցներն ամեն տարի մաշեցվելու է, պետք է հասկանալ, որքանով է նպատակային օգտագործվել այդ միջոցները»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ավելացրեց. «Ցավալին այն է, որ այս ԱԺ-ն բոլորիս հայտնի պատճառներով և հանգամանքներում գնում է դեպի մայրամուտ, և դժվար է այս ընթացակ հարցակազմը կարողանանք բավարարել այ կարճ ժամանակահատվածում։ Մենք կարճ ժամանակ ունենք և պետք է ընտրենք ամենակարևոր թիրախային հարցերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում