Չինաստանը պատրաստվում է 1 տրիլիոն դոլար ներդնել Եվրասիայի երկրներում

Չինաստանը պատրաստվում է 1 տրիլիոն դոլար ներդնել Եվրասիայի երկրներում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չինաստան-Եվրասիա» առաջին միջազգային գիտաժողովը կարող է խթանել Չինաստանից Հայաստան ներդրումների ներգրավումը:

«Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտություններ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Չինաստանի դերը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ մեծացել է: «Այդ երկիրը կարևոր դեր ունի նաև ներկայիս համաշխարհային զարգացումներում, և Հայաստանի համար շատ կարևոր է հետևել Չինաստանին, այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի միջոցով խորացնում է իր ազդեցությունը Եվրասիա մայրցամաքում, և ծրագրի շրջանակում պատրաստվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար ներդնել»,- ասաց Սահակյանը:

Հոկտեմբերի 26-ին Երևանում մեկնարկած «Չինաստան-Եվրասիա» միջազգային առաջին գիտաժողովի շրջանակում Հայաստան են եկել գիտնականներ 12 երկրից՝ մասնավորապես, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, Պակիստանից:

«Հայաստանը պետք է կարողանա ներկայացնել այնպիսի նախագծեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ընդգրկվել ծրագրում և այդ ներդրումների մի մասը բերել Հայաստան: Հրավիրելով մեր գործընկերներին այստեղ՝ նպատակ ունենք արթնացնել նրանց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որպեսզի հետագայում հետազոտություններ իրականացնեն մեր երկրի վերաբերյալ»,- ընդգծեց «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտություններ» հիմնադրամի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում