Նարեկ Վանեսյանն իր 19-ամյա աներձագին տնօրենի օգնական է նշանակել

Նարեկ Վանեսյանն իր 19-ամյա աներձագին տնօրենի օգնական է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Times.am-ի տեղեկություններով՝ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն իր 19-ամյա աներոդուն՝ Սերգեյ Բեկչյանին իր օգնական է նշանակել: Վանեսյանի կնոջ՝ Ռոզա Բեկչյանի եղբոր 19-ամյակը լրանալու է նոյեմբերի 11-ին:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Վանեսյանը իր ղեկավարած բուժկենտրոնում աշխատանքի է տեղավորել նաև իր կնոջ մեկ այլ ազգականին՝ Սուրեն Բեկչյանին:

Times.am-ը բարեկամներին աշխատանքի նշանակելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեց մեկնաբանություն ստանալ Նարեկ Վանեսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ու սոցցանցում ակտիվորեն քննարկվում է Բժշկական համալսարանում, Նոբելյան մրցանակակիրների ներկայացությամբ Նարեկ Վանեսյանի ցուցաբերած անհավասարակշիռ պահվածքը: Համաձայն հրապարակված տեսանյութի՝ միջոցառման ընթացքում Վանեսյանն անընդհատ ռեպլիկներ է անում տեղից, բեմահարթակի մոտ հրում է համալսարանի դասախոսներից մեկին՝ գռեհիկ վարք ցուցաբերելով: Ականատեսների վկայությամբ՝ Վանեսյանը հայտարարել է, թե Առողջապահության նախարարն իր ընկներն է, իրենց դեմ խաղ չկա:

Հավելենք, որ միջադեպի կապակցությամբ մի խումբ անվանի բժիշկներ նամակ են ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով կարգի հրավիրել անհավասարակշիռ պաշտոնյային: Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը կայքերից մեկի հետ զրույցում հայտնել է, որ վարչապետն ուսումնասիրում է բուժաշխատողների բողոքը և առաջիկայում դիրքորոշում կհայտնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում