Ինչպե՞ս կարելի է ահաբեկչին, մարդասպանին փոխանակել անմեղ մարդու հետ. Դավիթ Բաբայան

Ինչպե՞ս կարելի է ահաբեկչին, մարդասպանին փոխանակել անմեղ մարդու հետ. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հանցագործություն, ահաբեկչություն կատարած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական տեսանկյունից չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել պատահաբար Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով «Ինտերֆաքս-Ադրբեջանի» հրապարակմանը, ըստ որի Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։

Գործակալությունը տեղեկությունը հրապարակել էր՝ հղում անելով աղբյուրին։

«Նախ տեղեկատվության հավաստիության վերաբերյալ չեմ կարող ասել, համենայնդեպս, Արցախին, Ստեփանակերտին նման դիմում, առաջարկ չի եղել», – ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով.

«Իսկ եթե խոսքը վերաբերում է Գուլիևին և Ասքերովին, ապա այդ մարդիկ մարդասպաններ ու ահաբեկիչներ են, իսկ ադրբեջանական կողմում գտնվող մարդիկ պատահական մարդիկ են, ում Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել՝ ըստ միջազգային նորմերի և օրենքների»։

Նա ընդգծեց՝ չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել ԼՂՀ սահմանն ապօրինի հատած, առևանգում, սպանություն ու սպանության փորձ կատարած Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևին ու Ասկերովին և Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված ՀՀ քաղաքացիներին։

«Ինչպե՞ս կարելի է ահաբեկչին, մարդասպանին փոխանակել անմեղ մարդու հետ։ Սա բարոյական կողմն է, իսկ իրավական տեսանկյունից այդ մարդիկ մարդասպաններ են, որոնք դատապարտվել են հանցանք կատարելու համար և փոխանակե՞լ անմեղ մարդկանց հետ, ում Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել…Սա ոչ թե առաջարկություն է, այլ՝ պարզապես շանտաժ», – ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։

Նշենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։

Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա։ Երկուսը՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանի 3-րդ քաղաքացին զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն է, ով 2017թ. փետրվարին գերեվարվել է Պաշտպանության բանակի կողմից՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում