Իսկանդարյանը Խորհրդարանի ցրումը համարում է իշխանափոխության գործընթացի ավարտ

Իսկանդարյանը Խորհրդարանի ցրումը համարում է իշխանափոխության գործընթացի ավարտ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Խորհրդարանի ցրումը համարում է իշխանափոխության ավարտ, որը սկսվել էր ապրիլ-մայիս ամիսներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում, նա այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով քաղաքական անցուդարձին և վերջին իրադարձություններին:

«Այն իրավիճակը, որն այսօր կա, կանխատեսելի էր: Նախորդ իրավիճակը, երբ Կառավարությունը ներկայացնում էր հին քաղաքական ուժը՝ չէր կարող երկար ձգվել»,- նշեց Իսկանդարյանը և կատակելով հավելեց, որ քաղաքականությանը պետք չէ հավատալ, քաղաքականությունը պետք է վերլուծել և հասկանալ, թե ինչ է կատարվում:

Նրա խոսքով՝ այս պահին կարևոր է, թե ինչ է լինելու ընտրություններից հետո, որովհետև, քաղաքագետի կարծիքով, հնարավոր են հակասություններ նոր Կառավարության ճամբարում:

«Պարզ է, որ այն մարդիկ, ովքեր համամասնական ցուցակով անցնեն՝ տարբեր հայացքներ և մոտեցումներ կունենան: Այս ամենն այնքանով է բացատրելի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությունն անհասկանալի է՝ նրանք պայքարում են կոռուպցիայի, կամայականության դեմ, բայց չգիտենք, թե ինչ են կառուցելու իրենք»,– ընդգծեց Իսկանդարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում