ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի դաշինքով

ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի դաշինքով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Դաշինքում այլ կուսակցություններ չեն լինելու: Կարող են լինել մարդիկ տարբեր կուսակցություններից, որ կընդգրկվեն ցուցակում, բայց այլ կուսակցություն չի լինելու»,– ասաց Աղազարյանը:

Հարցին՝ դաշինքի ցուցակում անակնկալներ լինելո՞ւ են, պատգամավորը պատասխանեց. «Հետաքրքիր լուծումների ականատես կլինեք, բայց սենսացիոն որևէ բան չի լինի»:

Հովիկ Աղազարյանն անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ՔՊ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին: Աղազարյանն ընդգծեց, որ նախընտրական ցուցակների շուրջ քննարկումները դեռ չեն ավարտել: «Մենք երեկ երկար քննարկում ենք ունեցել, քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց ես չեմ լսել, որ նման բան կա: Երեկվա քննարկումներին ՀՀԿ-ական պատգամավորներից ոչ մեկի մասին խոսք չգնաց: Խոսք է գնացել ազգային փոքրամասնությունների մասին, ովքեր ներառված են լինելու մեր ցուցակում»,– ասաց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում