ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին վերջնական որոշում կկայացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում. Պեսկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին վերջնական որոշում կկայացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ընտրության հարցին բավական ժամանակ հատկացվեց: Պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշում ընդունել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Պաշտոնակատարը կշարունակի աշխատանքը մինչև դեկտեմբերի 6-ը»,– հայտնել է Պեսկովը:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրանք առաջադրելուց հետո Հայաստանի Հանրապետությունը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ սկսելու Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց։ Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 5 մլն դրամ գրավը: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում