Եվրոպային սպառնում է երկրորդ «Exit»-ը՝ այս անգամ «ռուսէքսիթ»

Եվրոպային սպառնում է երկրորդ «Exit»-ը՝ այս անգամ «ռուսէքսիթ»

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանն արդեն մոտ ապագայում կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից ու այս վտանգն իրական է։ Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոյնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հայտնում է ֆինլանդական Yle կայքը։

Յագլանդը նշել է, որ ԵԽ-ից ՌԴ դուրս գալու դեպքում հասարակ քաղաքացիները կզրկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից, ինչը Եվրոպայում կստեղծի նոր բաժանում։

Յագլանդը նշել է, որ իրական վտանգ կա, որ Եվրոպան ոչ միայն բրեքսիթի խնդրի առաջ է, այլ նաև ռուսեքսիթի։

Յագլանդը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան սահմանում է ողջ Եվրոպա մայրցամաքի հասարակական կյանքի կանոնները։

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը, որը այս ամսից կես տարով ստանձնելու է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, հայտարարել է, որ Ֆինլանդիան ամեն ինչ անում է, որ ՌԴ-ն մնա ԵԽ-ում։

«Երբ դու մի կազմակերպության անդամ ես, ապա պետք է վճարես անդամավճարը, եթե չես վճարում, չես կարող օգտվել անդամակցության առավելություններից»,-ասել է Սոյնին՝ հավելելով, որ ՌԴ-ին կորցնելը վատ կլինի Եվրոպայի, ինչպես նաև Ռուսաստանի համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դադարեցրել է ԵԽ բյուջե իր անդամավճարի փոխանցումները՝ պնդելով անվերապահորեն ու առանց նախապայմանների վերականգնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատվիրակության լիազորությունները, որից նրանք զրկվել էին 2014թ.-ին՝ Ղրիմի, ինչպես ԵԽԽՎ բանաձևում է ասվում, «բռնակցման» պատճառով։

Ռուսաստանը ԵԽ բյուջեի խոշորագույն անդամավճար փոխանցող 5 երկրներից մեկն է, որը ֆինանսավորում էր կազմակերպությունը տարեկան 30մլն եվրոյով, ինչը կազմում է ԵԽ բյուջեի մոտ 10 տոկոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում