Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի համահիմնադիր

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի համահիմնադիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Timesa.am: Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ ստեղծված Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ՄԳԿԴ-ANSO) համահիմնադիր դարձավ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, ՄԳԿԴ-ն ստեղծվեց «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ: Սույն թվականի նոյեմբերի 3-5-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցավ ՄԳԿԴ-ի ստեղծմանը նվիրված առաջին գլխավոր ասամբլեան, որի ընթացքում Դաշինքի համահիմնադիրները ստորագրեցին ՄԳԿԴ-ի ստեղծման համաձայնագիրը: Ասամբլեայի ընթացքում ընտրվեցին ՄԳԿԴ-ի կառավարող և գործադիր մարմինները, քարտուղարությունը, հաստատվեց Դաշինքի կանոնադրությունը: ՄԳԿԴ-ի նախագահ դարձավ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Բայ Չունլին, փոխնախագահներ` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը և Պակիստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Քասիմ Ջանը:

Դաշինքի համահիմնադիրները 36 կազմակերպություններ են` մի շարք երկրների գիտությունների ակադեմիաներ, համալսարաններ, միջազգային գիտական կազմակերպություններ:

ՄԳԿԴ-ն միջազգային, ոչ պետական, եկամուտ չհետապնդող գիտական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է աջակցել գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացմանը «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» տարածաշրջանի երկրներում: ՄԳԿԴ-ն ապահովելու է լայն հնարավորություներ տրածաշրջանային երկրների գիտական կազմակերպությունների կողմից խոշոր և միջին գիտական ծրագրերի նախաձեռնման և իրականացման համար: Այն կդառնա գիտական նորարար նախաձեռնությունների առաջարկման, քննարկման և կյանքի կոչման հարթակ:

ՄԳԿԴ-ի առաջին գլխավոր ասամբլեայի ընթացքում ելույթ ունեցողները բարձր գնահատեցին այս Դաշինքի ստեղծման կարևորությունը և համոզվածություն հայտնեցին, որ այն միջազգային կազմակերպությունների ցանկում կգրավի կարևորագույն տեղ:

ՄԳԿԴ-ն ստեղծվեց 2016թ-ին Պեկինում տեղի ունեցած Ազգային գիտական կազմակերպությունների առաջին միջազգային գիտական ֆորումում ստորագրված «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկին հռչակագրի» շրջանակներում:

ՄԳԿԴ-ի առաջին գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցավ նաև «Մեկ գոտի և մեկ ճանապարհ նախաձեռնության գիտական կազմակերպությունների երկրորդ միջազգային ֆորումը, որին Հայաստանի կողմից մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Էվոյանը: Ֆորումի ընթացքում անցկացվեցին գիտաժողովներ հետևյալ թեմաներով.

ՄԳԿԴ-Շրջակա միջավայր և «կանաչ» զարգացում

ՄԳԿԴ-Թվային Մեկ գոտի և մեկ ճանապարհ

ՄԳԿԴ-Կայուն Մեկ գոտի և մեկ ճանապարհ, անցում «կանաչ» տեխնոլոգիաներին, կառավարում և նորարարություններ,

ՄԳԿԴ-Գիտություն և կրթություն

ՄԳԿԴ- Ինֆեկցիոն հիվանդություններ և բժշկություն

ՄԳԿԴ- Նորարարություններ և զարգացում

ՄԳԿԴ-Կենսաբազմազանություն և պահպանություն:

Ֆորումի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին իրենց ներդրումը բերել ֆորումի շրջանակներում հայտարարված գիտական ուղղությունների ծավալման և «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակների իրականացման համար:

«Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ՄԳԿԴ-ի հիմնադրումը արժանացել է Չինաստանի կառավարության հավանությանը:

«Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թ-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագաh Սի Ծինփինի որշմամբ որպես Չինաստանի մասնակցությամբ միջազգային համագործակցության և զարգացման նոր մոդել: Այս նախաձեռնությունը պատմական «Մետաքսի ճանապարհի» զարգացման նոր մոդելն է: Նախաձեռնությունը կոչ է արել մշակել տարածաշրջանային գործընկերության նոր մեխանիզմներ, խթանել ներգրավված երկրներում տնտեսական աճը, ամրապնդել տարբեր քաղաքակրթությունների միջև մշակութային արժեքները և կապերը բոլոր ոլորտներում, ինչպես նաև նպաստել խաղաղությանը և կայուն զարգացմանը:

«Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ներգրավում է աշխարհի զարգացած և զարգացող երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում