ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը

ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստում կքննարկի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն առավել բաց և թափանցիկ դարձնելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«ՀՀ-ն 2017 թվականից հանդիսանում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)դիտորդ, թեկնածու երկիր: ԱՃԹՆ-ին անդամագրվելով՝ պարտավորվում ենք առավել բաց և թափանցիկ դարձնել մեր հանքարդյունաբերության ոլորտը: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին: Նախագծով սահմանվել են նաև իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձ-ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը: Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Վերոնշյալ նախագծով կարգավորվել են նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները»,- նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից:

«Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա, ինչ հիմք է հանդիսացել նախագծում լրացնելու երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժման հիմքեր»,- ասաց նախարարի տեղակալը:

Նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված իրավական ակտերը, իսկ նախագծով սահմանված հասկացությունները բխում են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրական սեփականատերերին առնչվող չափանիշներից

Հետևեք մեզ նաև Telegram-ում