Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը

Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը։ Հայաստանն իրանական գազը դիտարկում է սնուցման երկրորդ ուղու համատեքստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Իրանից ստացվող գազը շուրջ 10 դոլարով ավելի թանկ է եղել, քան Ռուսաստանինը: Մենք իրանական գազը դիտարկում ենք երկրորդ սնուցման համատեքստում: Այսօր ունենք երկկողմանի գազի մատակարարում: Երբ վթար է լինում ռուսական գազատարի վրա, մենք իրանական կողմից, պայմանավորվածության համաձայն, մեծացնում ենք ծավալները: Բայց այսօր գումարային գործարք չկա, քանի որ իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա նշեց նաև, որ եթե այսօր ավելի էժան գազի գնի առաջարկ լինի, իրենք կքննարկեն այդ հարցը։ Այն դիտարկմանն ի պատասխան, թե տեսնում է արդյոք սակագնի նվազեցման հնարավորություն, Բաղրամյանն ասաց, որ հարցը քննելու համար ստեղծվել է հանձնաժողով և դրա շրջանակներում այդ հարցի պատասխանը կտրվի: Նա նկատեց, որ, բնականաբար, բանակցում են, որպեսզի նվազեցնեն սակագինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում