ՀՀ էներգետիկ համակարգը կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ-ի և Իրանի էներգետիկ համակարգերի միջև. Գարեգին Բաղրամյան

ՀՀ էներգետիկ համակարգը կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ-ի և Իրանի էներգետիկ համակարգերի միջև. Գարեգին Բաղրամյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Էներգետիկայի բնագավառը, հանդիսանալով Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել, որոնք ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան էներգետիկ ծառայությունների մատուցմանը մեր քաղաքացիներին, «Էներգետիկայի շաբաթ2018» խորագրով եռօրյա ներդրումային համաժողովի մեկնարկին հայտարարեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

«Միազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են համակարգային նշանակություն ունեցող բարձրավոլտ ենթակայանները, շարունակվում են աշխատանքները էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցման, նորացման, վերակառուցման, նոր հզորությունների ստեղծման, նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները»,- հայտարարեց նախարարի պաշտոնակատարը։

Բաղրամյանի խոսքով՝ տարածաշրջանային առումով Հայաստանն արդյունավետ համագործակցություն է իրականացում հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ:

«2020-21թթ. շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը», – ասաց նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր, փոխանակումներ, առևտրային գործարքներ:

Հայաստանի էներգետիկ համակարգը, ըստ Գարեգին Բաղրամյանի, հանդիսանում է կամուրջ Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ համակարգերի միջև: Սա, ըստ նրա, լայն հնարավորություն է ստեղծում իրականացնելու բազմաթիվ ներդրումային ծրագրեր, ինչպես պետական, այնպես էլ` մասնավոր հատվածի կողմից:

«էներգետիկայի բանգավառի զարգացման ռազմավարարության համատեքստում հատուկ կարևորություն է տրվում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, այդ թվում՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններին: Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ», – նշեց նախարարի պաշտոնակատարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում