Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին

Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ե՛վ նախորդ իշխանության, և՛ այս իշխանության օրոք ես համամիտ չեմ եղել դրան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագծին:

«Գիտե՞ք՝ ինչ լուջ ազդեցություն են ունենում տրանսֆերտները մեր երկրի համար: 90-ականներին ունեինք լուրջ խնդիներ և տրանսֆերտների հաշվին կարողացանք բավականին կայունացում ապահովել: Դրանց պետք է շատ ուշադիր վերաբերվենք, այլապես արդեն իսկ օրինական ճանապարհները պետք է վերանան, որովհետև մարդիկ վերջ ի վերջո պետք է ցանկություն ունենան իրենց հարազատներին օգնելու և տարբեր ճանապարհներով իրենց հարազատներին փող ուղարկեն: Նրանք պետք է գնան զարտուղի ճանապարհներով և տրանսֆերտների քանակը պետք է կտրուկ իջնի: Ինձ թվում է՝ մենք պետք է զգույշ լինենք այդ քայլերի մեջ: Ես բոլոր ժամանակներում դեմ եմ եղել այդ մոտեցմանը», – ասաց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, չի բացառո՞ւմ, որ այդ նախագիծը հանրության շրջանում մեծ դժգոհություններ կառաջացնի, Բաղդասարյանը նկատեց, որ մարդիկ մի տրամաբանությամբ են առաջ շարժվում՝ իրենց հարզատի ուղարկած գումարից հարկեր տալ չեն ցանկանում, ինչը հասկանալի է:

«Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ: Եթե միտինգում կանգած 70 տոկոսին հարցնեին՝ ի՞նչ ե ք ուզում, նրանք կասեին, որ ուզում են հարկեր չվճարել, բայց ուզում են, որ թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան: Բայց հանրությունը չի կարողանում ընկալել, որ հարկերի միջոցով են աշխատավարձերն ու թոշակները բարձրանում: Նրանք կոնկրետ իրենց եկամտի մասին են մտածում, որ ինչու պետք է իր հարզատի ուղարկած գումարը մի հատ էլ եկամտահարկով հարկվի: Նրանք այդ հարցը կոնկրետ են դնում և դա նորմալ է», – ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԵԿ-ը Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, որի արդյունքում, եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում