Այն, ինչ ասել եմ, տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ ասել եմ, տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ պարզաբանում է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստի ընթացքում քննարկված հարցերը Բելառուսում Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու հարցի հետ կապված: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ այն, ինչ ասել է օրեր առաջ, շարունակում է մնալ ուժի մեջ:

Անդրադառնալով ի պատասխան իր խոսքերի Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը՝ Փաշինյանը նախ նշեց, որ Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը հայկական կողմից արձագանք եղել է. «Ես ինքս ինչ ունեի ասելու, անձամբ եմ բարձրաձայնել, և այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, ումից ես որևէ արձագանք չեմ ստացել: Իսկ ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ: Եվ որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա: Այսինքն, ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավելեց՝ չեն պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց: Նա շեշտեց, որ պատրաստվում են սկզբունքորեն, հետևողականորեն, նաև գործընկերության միջավայրում՝ պաշտպանել Հայաստանի ազգային շահերը:

Անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կլինի, եթե դեկտեմբերի 6-ին չհաջողվի կոնսենսուսի հասնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում, Փաշինյանը պատասխանեց. «Եթե կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղղությամբ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում