Հայաստանի և Իրանի հարաբերությունների մեջ որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Իրանի հարաբերությունների մեջ որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է շատ ինտենսիվ զարգանան և լինեն փոխշահավետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են, Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին պատկերացումների մասին հայտարարվել է:

«Դրանցում որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք պետք է հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պահպանենք, այլև հարաբերությունները փորձենք բարձրացնել նոր մակարդակի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ներկայացվել են Հայաստանի շահերը, առաջնահերթությունները հայ-իրանական, հայ-վրացական հարաբերություններում:

Խոսելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ ամերիկացի գործընկերներն ըմբռնմամբ են մոտենում մեր իրավիճակին և մեր քաղաքականությանը: «Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի և Ամերիկայի միջև հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը, և ես ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի համար նույնպես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մտնում է առաջնահերթությունների ցանկի մեջ»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում