Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ

Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն այսօր դժվարացավ պատասխանել այն հարցին, թե գազի սակագինը մինչև քանի դրամով կարելի է իջեցնել։

«Հիմա եկեք չասեմ, բանակցային գործընթաց է իրականացվում։ Երբ կունենանք որոշում, կասեմ։ Եթե սահմանի վրա փոփոխություն չի լինում, այդ դեպքում մենք ակնկալում ենք, որ ՀԾԿՀ-ը քննարկի «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը և որոշակի ճշգրտումներ անի, և նոր մենք եզրակացություն կանենք։ Բայց որ իջեցման հանրավորություն անպայման պետք է քննարկել, փաստ է»,- ասաց նա։

Միքայել Մելքումյանի խոսքով, եթե գնանք կորուստների կտրուկ կրճատման ճանապարհով, ակնհայտ կդառնա, որ սակագնի նվազեցման լայն դաշտ կբացվի։

«Այո, պնդում եմ, որ սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու»,- ասաց նա։

Հարցին՝ ո՞ւմ շահերից ելնելով է գործում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Միքայել Մելքումյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ հանձնաժողովիւ գործունեությունը պետք է գնահատվի խորհրդարանի կողմից, և այդ մարմինն ապագայում ամեն եռամսյակը մեկ ԱԺ-ին պետք է հաշվետվություն ներկայացնի։

«Ես միանշանակ պնդում եմ, որ այդ հանձնաժողովն անցած տարիներին առանձնապես արդյունավետ չի աշխատել»,– հայտարարեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը։

Միքայել Մելքումյանը շեշտեց, որ գազի սակագնի 5 դրամով իջեցման համար 17 միլիարդ դրամ է անհրաժեշտ, ինչը նշանակում է, որ սակագինը 1 դրամով իջեցնելու համար մեզ անհրաժեշտ կլինի շուրջ 2.5 միլիարդ դրամ։

Հարցին՝ ո՞վ պետք է պատասխան տա կորուստների համար՝ Միքայել Մելքումյանը նշեց՝ խնդիրը համակարգային բնույթ է կրել՝ և հանձնաժողովը, և կառավարութունը, և խորհրդարանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում