ԵԱՀԿ-ում դրական են գնահատել Վրաստանի նախագահի ընտրությունները

ԵԱՀԿ-ում դրական են գնահատել Վրաստանի նախագահի ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը դրական է գնահատում Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, թեեւ «մեդիամիջավայրը խիստ բեւեռացված էր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի դիտորդների առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52 տոկոսը, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48 տոկոսը: «Վրաստանում առաջին անգամ անցկացվել է երկրորդ փուլ, եւ դա նախագահի վերջին ուղղակի ընտրություններն են: Մասնակիցները կարող էին ազատորեն հայտնել իրենց դիրքորոշումները, եւ երկրորդ փուլը բավականին մրցակցային էր: Ընտրական գործընթացը գնահատված է դրական, բայց մեդիամիջավայրը խիստ բեւեռացված էր, որակյալ անկողմնակալ տեղեկատվությունը հասանելի չէր Վրաստանի քաղաքացիների համար»,– հայտարարել է Սեդերֆելտը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում