Ադրբեջանն «Իսկանդերին» համարժեք պատասխան չունի, բայց Բաքուն շարունակելու է փնտրել գործընկերներ. Եվսեև

Ադրբեջանն «Իսկանդերին» համարժեք պատասխան չունի, բայց Բաքուն շարունակելու է փնտրել գործընկերներ. Եվսեև

ԵՐԵՎԱՆ, 01 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը Երևանում ընթացող «Լազարյան ակումբի» այսօրվա նիստի ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանի զինված ուժերը սպառազինության քանակով գերազանցում են Հայաստանին։

Նրա խոսքով, կարևոր է ոչ միայն քանակը, այլև՝ որակը:

«2016 թվականին ականատես եղանք զինված հակամարտության, որի հետևանքով զոհեր եղան: Ուզում եմ հիշեցնել, որ կրակոցների տակ հայտնվեցին Ղարաբաղի բնակավայրերը: Ռուսաստանից Հայաստան մատակարարված ժամանակակից սպառազինության շնորհիվ հնարավոր եղավ սպառազինության քանակի տեսանկյունից նվազեցնել Բաքվի առավելությունը: Հայաստանը ձեռք է բերել զենք, որը հնարավորություն է տալիս հարվածելու Բաքվին, ինչը զսպող հանգամանք է Ադրբեջանի համար»,– շեշտեց բանախոսը:

Վլադիմիր Եվսեևը նկատեց՝ Ադրբեջանը որակյալ սպառազինության ձեռքբերմանն ուղղված քայլեր է ձեռնարկում, ինչի մասին վկայում են Բելառուսից «Պոլոնեզ»-ի ձեռքբերումը, ինչպես նաև իսրայելական կողմի հետ բանակցությունները:

«Եթե Ադրբեջանին հաջողվի որակական առավելություն գրանցել Հայաստանի ԶՈՒ-ի նկատմամբ, ականատես կլինենք լարվածության աճի: Ուզում եմ ընդգծել, որ սահմանի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել ոչ միայն անվտանգության գոտու, այլև Ղարաբաղի կորստին: Սահմանի փոփոխությունը, որը ենթադրում է տարածքի զիջում, Ադրբեջանին թույլ կտա գրավելու ողջ Ղարաբաղը: Հայաստանն ու Ռուսաստանը սերտ համագործակցում են ներկայիս իրավիճակի պահպանման համար: Ցանկացած միտք, որը հարցականի տակ կդնի այս փաստը, կվտանգի իրավիճակը»,- ասաց բանախոսը:

Ռուսաստանցի գործիչը նաև ընդգծեց, որ զուգահեռաբար Թուրքիան ամեն ինչ անում է Նախիջևանում զինված ներկայություն ապահովելու համար:

«Հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծել են միավորված զորքերի խումբ՝ պետք է մշակվեն բազում սցենարներ՝ Նախիջևանից կամ Ադրբեջանից եկող լարվածության դեպքում»,- նշեց նա:

Վլադիմիր Եվսեևը հիշեցրեց, որ Ադրբեջանն «Իսկանդերին» համարժեք պատասխան չունի, բայց Բաքուն շարունակելու է փնտրել գործընկերներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում