Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում

Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնի և գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի նախաձեռնությամբ Նոյեմբերի 20-30-ը կազմակերպվել է հայազգի աշխարհահռչակ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ֆիլմաշարի ցուցադրումը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Փարաջանովին նվիրված 10-օրյա միջոցառման շրջանակներում (Hommage) բեռլինյան հանդիսատեսին ներկայացվեց Փարաջանովի` սահմաններ չճանաչող կինոարվեստն ու նրա ստեղծագործությունների խորությունը:

Նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել փառատոնի փակման արարողությունը, որին հրավիրված են եղել նաև Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և Վրաստանից` Թեո Խատիաշվիլին, ով իր թեկնածուական թեզը պաշտպանել էր Փարաջանովի ստեղծագործությունների մասին:

Ներկաներին ողջունել են «Արսենալ» կինոթատրոնի տնօրեն Միլենա Գրեգորը և Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Միջոցառման ավարտին Զավեն Սարգսյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որից հետո ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:

ԱԳՆ-ից հայտնում են ևան, որ դեկտեմբերի 1-ին ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Պոտսդամի ֆիլմերի թանգարանի նախաձեռնությամբ Պոտսդամում բացվել է Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կտևի մինչև 2019թ. հունվարի 16-ը: Ցուցահանդեսին զուգահեռ թանգարանի ֆիլմերի սրահում կցուցադրվեն նաև Փարաջանովի ֆիլմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում