Իրանի նախագահ․ ԱՄՆ-ը չի կարող կանգնեցնել Իրանի նավթի արտահանումը

Իրանի նախագահ․ ԱՄՆ-ը չի կարող կանգնեցնել Իրանի նավթի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ-ը չի կարող կանգնեցնել Իրանին՝ արտահանել իր նավթը և ցանկացած փորձ՝ կանխելու Իրանի նավթամթերքի առաքումները Պարսից ծոցով կհանգեցնի բոլոր տեսակի նավթի արտահանման արգելքին։ Ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ ու ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ նպատակ ունեն Իրանի նավթի արտահանումը հասցնել զրոյի՝ փորձելով զսպել Իսլամական պետության հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային ազդեցությունը։

«Ամերիկան պետք է իմանա, որ մենք վաճառում ենք մեր նավթը ու կշարունակենք այն վաճառել ու նրանք ի վիճակի չեն կանգնեցնել մեր արտահանումը։ Եթե մի օր նրանք ցանկանան կանխել Իրանի նավթի արտահանումը, ապա ոչ մի նավթ չի արտահանվի Պարսից ծոցից»,- ասել է Ռոհանին հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս։

Նշենք, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվեցին, երբ Թրամփը դուրս եկավ Իրանի հետ միջուկային ծրագրից մայիսին ու վերականգնեց ԱՄՆ պատժամիջոցները։

Այսօր տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ նավատորմը՝ ատոմային ավիակիր John C. Stennis-ի գլխավորությամբ առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց՝ Իրանին ուժ ցուցադրելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում