2019թ.-ին Սպիտակ տունը պատրաստվում է հարված հասցնել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ից հեռացնել Հայաստանին

2019թ.-ին Սպիտակ տունը պատրաստվում է հարված հասցնել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ից հեռացնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական ընկերություն Stratfor-ի վերջերս հրապարակված նյութում հաղորդվում է, որ Ռուսաստանի զսպման համար Դոնալդ Թրամփի վարչակարգը 2019թ.-ին պատրաստվում է քայլեր ձեռնարկել՝ ուղղված իր ազդեցության մեծացմանը Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում։

Ինչպես գրում է Независимая газета-ն, ԱՄՆ-ն առաջին հերթին ուշադրություն է դարձնելու Մոսկվայի մերձավոր դաշնակիցներին, որոնք ընդգրկված են ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության մեջ։

«Քանի որ Բելառուսին Ռուսաստանից հեռացնելը դժվար է օբյեկտիվ պատճառներով, ԱՄՆ-ը մտադիր է իր ձգտումներն հիմնականում ուղղել Կենտրոնական Ասիա ու Հարավային Կովկաս։ Բայց միևնույն ժամանակ Մինսկն էլ չի անտեսվի։ Սպիտակ տան ամենամոտ առաջադրանքն է Հայաստանի հետ սերտ հարաբերությունների հաստատումը»,-գրում է կայքը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Վաշինգտոնը, հայտարարելով իրեն Սառը պատերազմի հաղթող, հանգստացավ իր դափնիներով՝ անտեսելով Խորհրդային Միության ժառանգորդ Ռուսաստանում հետագա փոփոխությունները։ 1992թ.-ին ՀԱՊԿ-ի ստեղծումը անտեսվեց ԱՄՆ-ի կողմից, որը դրանում սպառնալիք չտեսավ իր համար ու համարեց, որ կարիք չկա խստորեն սահմանափակել հակառակորդի նախաձեռնությունները։

1993թ.-ին ՀԱՊԿ պայմանագիրը ստորագրվեց 9 մասնակիցների կողմից ու ուժի մեջ մտավ 1994թ.-ի ապրիլի 20-ին։ Դրա վավերականությունը սահմանվել էր 5 տարի, որից հետո նախատեսվում էր երկարացում։ Օվկիանոսի այն կողմից գոհունակությամբ հետևում էին, թե ինչպես 1999թ.-ին Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը հրաժարվեցին պայմանագրի երկարացումից։ Ուզբեկստանը վերադարձավ ՀԱՊԿ 2006թ.-ին ու կրկին դադարեցրեց իր մասնակցությունը 2012թ.-ին։

Ներկայումս ԱՄՆ-ը հասկացել է Մոսկվայի հետագա թուլացման անհրաժեշտությունը՝ զրկելով նրան մտերիմ դաշնակիցներից, ու ակնկալում է հաջողություն իր գործողություններում։ Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ ՀԱՊԿ-ը հանդիսանում է թույլ ռազմաքաղաքական դաշինք։ Փորձագետները նշում են, որ պայմանագիրը պետք է վերանայվի ու կոնկրետացվի, հակառակ դեպքում կազմակերպությունը վաղ թե ուշ կփլուզվի։

«Սկսենք նրանից, որ ՀԱՊԿ-ը երբևէ աջակցություն չի տրամադրել իր անդամներից որևէ մեկին։ 2010թ.-ին Ղրղզստանի կառավարությունը խնդրեց զորքեր ուղարկել՝ ներքին զինված հակամարտության կարգավորման համար, սակայն մերժում ստացավ։ Հայաստանին դաշնակիցներից ոչ մեկը չի օգնում Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ Անգամ այն ժամանակ, երբ ադրբեջանական դիվերսանտները ներխուժեցին Տավուշի մարզ՝ Երևանը մնաց առանց աջակցության։ Ավելին, ՀԱԿՊ-ի դաշնակիցներ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը զենք են վաճառում Ադրբեջանին։ Եվ այս ամենն այն պատճառով, որ պայմանագիրը չի արգելում մասնակիցներին զենքի առևտուր անել որևէ մեկի հետ։

Սակայն Մոսկվան ևս հաճախ մնում է առանց իր մերձավոր բարեկամների աջակցության։ Մինչև այժմ ՀԱՊԿ անդամներից ոչ մեկը պաշտոնապես չի ճանաչել Ղրիմը որպես ռուսական։ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո էլ դաշնակիցները կամ չեզոք հայտարարություն արեցին, կամ ընտրեցին ընդհանրապես լռելը։ ՀԱՊԿ անդամներից միայն Ռուսաստանն է ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը։ Դոնբասի գործերում ոչ մեկը, բացի Մոսկվայից, չի մասնակցում։ Ռուսաստանը 3 տարի շարունակ պատերազմում էՍիրիայում միայնակ։ Այս ողջ ընթացքում բոլոր դաշնակիցներից միայն Հայաստանը համաձայնեց մի անգամ մարդասիրական առաքելություն ուղարկել այդ երկիր։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ում ամեն տարի անցկացվում են թանկ մարտական զորավարժություններ։ Ստեղծվել է միասնական շտաբ, հավաքական արագ տեղակայման ուժեր, միասնական հակաօդային պաշտպանություն, միասնական կապ և այլն, ու այս ամենը կարող է անօգուտ լինել, եթե չհասնեն կազմակերպության ռեալ, փաստացի միանականության»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանը կարող է առավել մեծ վստահությամբ հենվել Տաջիկստանի ու Բելառուսի վրա։ Կրեմլի ամենաանվստահելի դաշնակիցը Ղազախստանն է, որը ԱՄՆ քաղաքացիների համար սահմանեց առանց վիզային ռեժիմ ու կիրիլիցայից անցում է կատարում լատինատառին։ Ղրղզստանի հետ դաշնակցային հարաբերությունները փխրուն են, քաղաքական վիճակն անկայուն ու գունավոր հեղափոխությունը կարող է լինել ցանկացած պահի։

«Հայաստանը մինչև վերջերս համարվում էր Ռուսաստանի ամենավստահելի դաշնակիցը, սակայն այս տարի տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, ինչից օգտվեցին ամերիկացիներն ու անմիջապես ուղարկեցին իրենց դեսպան Ջոն Բոլտոնին։Հայաստանի նոր ղեկավարը, նրա հետ զրույցի ժամանակ լսելով ամերիկյան զենք ձեռք բերելու առաջարկը, հայտարարեց, որ «երկրի կառավարությունը կապված չէ որևէ սահմանափակումներով։ Եվ եթե ԱՄՆ-ից լինի լավ առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել»։ Բացի այդ քրեական գործ է հարուցվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ու Գազպրոմի տեղական դուստր կազմակերպության նկատմամբ։ Որպես արդյունք՝ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները վայրկենական լարվեցին»,- այսպես է եզրափակվում հոդվածը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում